Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արագածի ու Արարատի՝ երազանքի ու իրականության արանքում. Փաշինյան

15:16 • 13.05.23

Հայաստանի ամենաբարձր լեռը ո՞րն է․ հարցրել է Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում դպրոցականների հետ հանդիպմանը։ Պատասխաններում հնչեց և Արարատը, Արագածը։

«Մի մասդ ասացիք Արարատը, մյուս մասը՝ Արագածը։ Նա ով ասաց Արագածը, խոսեց Հայաստանի մասին, ով ասաց Արարատը՝ խոսեց այլ բանի մասին։ 7-8 տարի առաջ ինձ մի պատմաբան ասաց, որ բոլորն ասում են, որ պետք է դասեր քաղել պատմությունից։ Պատմությունից ցանկացած բան կարելի է եզրակացնել։

Այսօր ինչ պրոբլեմ ունենք, այս հարցի պատասխանի հետ է կապված։ Մենք հայրենիք ու պետությունների հասկացությունների արանքում խարխափում ենք բոլորս, ինձնից սկսած։ Ստիպված ենք ընտրություն կատարել, մեզ համար հայրենիքը նույնը չի, ինչ որ պետությունը։ Մենք ընտրություն պիտի կատարենք պետության օգտին, եթե այդպես չանենք, անընդհատ կկորցնենք։ Պետք է նույնականացնենք հայրենիք և պետություն հասկացությունները 29,800 կլոմետր քառակուսու վրա։ ՀՀ ամենաբարձր լեռը Արագածն է։ Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արագածի ու Արարատի՝ երազանքի ու իրականության արանքում»,-ասել է Փաշինյանը։