Զելենսկին և Սունակը բանակցություններ են վարում Լոնդոնում

15:23 • 15.05.23

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը բանակցություններ է վարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Սունակը հայտնել է Twitter-ում։

Սունակը Twitter-ում լուսանկար է հրապարակել, որում գրկախառնվում է Զելենսկու հետ։

«Բարի վերադարձ»,- գրել է նա լուսանկարի մակագրությունում։

Հանդիպման մանրամասներ չեն հաղորդվել։ Զելենսկին դեռ չի մեկնաբանել բանակցությունները։

Այսօր՝ մայիսի 15-ին, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ժամանել է Լոնդոն՝ Ռիշի Սունակի հետ բանակցությունների համար։

Զելենսկին վերջին մի քանի օրվա ընթացքում այցելել է Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Վատիկան՝ կոչ անելով արևմտյան առաջնորդներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ սպասվող հակահարձակման նախաշեմին:Մեծ Բրիտանիան Ուկրաինայի կարևոր դաշնակիցներից մեկն է Ռուսաստանի դեմ պայքարում։ Այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը հայտարարել է Կիևին արևմտյան արտադրության ժամանակակից տանկեր տրամադրելու մասին։ Անցած շաբաթ հայտնի է դարձել մոտ 250 կմ հեռահարությամբ բրիտանական Storm Shadow հրթիռների՝ ուկրաինական բանակին փոխանցելու մասին։