Կրակոցներ և դանակահարություն՝ Երևանում, կան վիրավորներ. Shamshyan.com

11:29 • 16.05.23

Երեկ՝ մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:30-ից 22:00-ի  սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցի 18/20 հասցեում գտնվող գրասենյակներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Ոստիկաններն ու քննիչները գրասենյակի տարածքում և դրսում հայտնաբերել են մեծ քանակի արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ եղել են դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ դանակի մի քանի հարվածներ է ստացել ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական  կենտրոն: 

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 38-ամյա Արմեն Անտոնյանը և 46-ամյա Արտյոմ Սմբատյանը։