Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը ներողություն չի խնդրի Հիրոշիմայի ռմբակոծության համար

10:09 • 18.05.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ճպաոնիայի Հիրոշիմա քաղաք այցելության ժամանակ ներողություն չի խնդրի նախորդ դարում քաղաքի ռմբակոծության համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Նախագահը հայտարարություններ չի անի, նա կմասնակցի G7-ի այլ առաջնորդների հետ աշխատանքներին: Նրա կարծիքով՝ սա երկկողմանի պահ չէ, G7-ի առաջնորդները եկել են հարգանքի տուրք մատուցելու պատմությանը և վարչապետ (Ճապոնիա Ֆումիո) Կիշիդային, որը Հիրոսիմայից է»,- ասել է նա լրագրողներին։

1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան ինքնաթիռները ռմբակոծել են ճապոնական Հիրոշիմա քաղաքը, իսկ երեք օր անց՝ Նագասակին։ Արդյունքում զոհվել և անհետ կորել է ավելի քան 210,000 մարդ, շուրջ 200,000 ենթարկվել է ռադիոակտիվ ճառագայթման։ Հիրոշիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակներն են։