Կոլումբիայի ջունգլիներում հայտնաբերվել է 4 երեխա, որոնք ավիաաղետից հետո 16 օր միայնակ են մնացել. նրանցից ամենամեծը 13 տարեկան է, ամենափոքրը՝ 11 ամսական
Կոլումբիայի զինված ուժերը Կակետա դեպարտամենտի ջունգլիներում ողջ են հայտնաբերել չորս երեխայի, որոնք վթարի ենթարկված Cessna 206-ի ուղևորներ են եղել և վթարից հետո 16 օր ստիպված են եղել անցկացնել անտառում, ասել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր զինված ուժերի կողմից իրականացված ինտենսիվ որոնումներից հետո մենք ողջ ենք հայտնաբերել չորս երեխայի, որոնք կորել էին Գուավիարայում ավիավթարի հետևանքով», - թվիթերյան միկրոբլոգում գրել է նախագահը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Cessna 206 ինքնաթիռ մայիսի 1-ին երկրի հարավում գտնվող Կակետա դեպարտամենտում հաղորդել է շարժիչի խափանումների մասին և ահազանգ ուղարկել: Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունից հայտնել են, որ օդանավը հայտնաբերվել է ավելի քան 370 ժամ որոնումներից հետո: Օդանավում եղել է օդաչուի դին, սակայն վեց ուղևորը, որոնցից չորսը անչափահաս են եղել, ինքնաթիռի սրահում կամ մերձակայքում չեն եղել:
Ըստ Tiempo-ի՝ հետագայում հայտնաբերված երկու մարմինները պատկանում են երկրորդ օդաչու Հերման Մենդոզային և ուղևորներից մեկին՝ չորս երեխաների մայր Մագդալենա Մուկուտուիին: Մագդալենայի երեխաները, որոնք ի վերջո փրկվել են, 13, 9, 4 տարեկան և 11 ամսական են։ Տեղական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ նրանք այժմ ապահով են, նրանց ուղեկցում են Կոլումբիայի ռազմածովային ուժերի անդամները։
Մինչդեռ rg.ru-ն հավելում է, որ նախօրեին խուզարկուները հայտնաբերել էին ճյուղերից պատրաստված ապաստարան, մանկական շիշ և կրծած միրգ։ Այս բացահայտումները նրանց ստիպել են եզրակացնել, որ երեխաները դեռ ողջ են: Փրկարարական գործողությանը մասնակցել են ուղղաթիռներ. դրանք թռչել են ջունգլիների վրայով և բարձր միացրել երեխաների տատիկի ձայնագրությունը, որում կինը թոռներին խնդրում է մնալ մի տեղում: Հայտնի է, որ փրկված երեխաները վիտոտո բնիկ ցեղի ներկայացուցիչներ են:










