G7-ի առաջնորդները խոստացել են նոր ֆինանսատնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որպեսզի այն «հյուծվի»

17:00 • 19.05.23

«Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները խոստացել են նոր ֆինանսատնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որպեսզի այն «հյուծվի» արևմտյան տեխնոլոգիաներին հասանելիության բացակայության պատճառով։ Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների համատեղ հայտարարությունում:

Ինչպես գրում է golosameriki.com-ը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի առաջնորդները ուրբաթ հանդիպել են Ճապոնիայի Հիրոշիմա քաղաքում՝ համակարգելու իրենց քաղաքականությունը ուկրաինական հակամարտության շուրջ:

Միևնույն ժամանակ նրանք կոչ են արել Մոսկվային վերջ տալ «Ուկրաինայում անօրինական, անհիմն և չհրահրված ագրեսիվ պատերազմին»։

Համատեղ հայտարարության մեջ «Մեծ յոթնյակի» անդամները վերահաստատել են «անհրաժեշտության դեպքում Ուկրաինային անհրաժեշտ ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական օգնություն տրամադրելու հանձնառությունը»:

«Մենք ներդնում ենք նոր պատժամիջոցներ և միջոցներ, որոնք կմեծացնեն ծախսերը  Ռուսաստանի և նրանց համար, ովքեր աջակցում են նրա պատերազմական ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ:

«Մենք կշարունակենք սահմանափակել Ռուսաստանի հասանելիությունը մեր երկրների տնտեսություններ», - ասել են G7-ի անդամները:

«Մենք Ռուսաստանին կզրկենք G7 երկրների տեխնոլոգիաներից, արդյունաբերական սարքավորումներից և ծառայություններից, որոնք աջակցում են նրա պատերազմական մեքենային: Մենք կշարունակենք կանխել Ռուսաստանի դեմ մեր միջոցներից խուսափումն ու դրանց շրջանցումը», - ասվում է հայտարարությունում:

G7-ը նաև խոստացել է աշխատել միջազգային ֆինանսական համակարգին Ռուսաստանի հասանելիությունն ավելի սահմանափակելու ուղղությամբ՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար: