Աղբավայր, որը չի կառուցվել 3 տարի «նախկինների» օրոք և արդեն 5 տարի է չի կառուցվում «ներկաների» օրոք․ Մեսրոպ Առաքելյանը՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ու կառուցվելիք աղբավայրի մասին

16:05 • 23.05.23

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրի հրդեհին։ Առաքելյանը մասնավորապես հիշեցրել է, որ գործակարգավարական նիստում փոխքաղաքապետ Ավինյանն ասել էր, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է, բայց չէր նշել, թե երբ կամ երբվանից․

««Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ն ստեղծվել է դեռ 2015թ․-ին։ Եթե անգամ կանոնադրությունը չկարդաք, վերնագիրը կարող է հուշել, թե ինչի համար է ստեղծվել այդ կազմակերպությունը։

Կազմակերպության գործունեության նպատակներից է նոր աղբավայրի շահագործման աշխատանքների համակարգումը․ փաստորեն, աղբավայր, որը չի կառուցվել 3 տարի «նախկինների» օրոք և, ուշադրությու՛ն, արդեն 5 տարի է չի կառուցվում «ներկաների» օրոք։

 Կազմակերպության հաշվեկշիռը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ որևէ կապիտալ ծախս, այն է՝ նոր աղբավայրի կառուցում կամ դրան մոտիկ մի բան, չի կատարվում, իսկ 78 մլն շրջանառությունը՝ իրականացված  2022թ-ին, ուղղվել է հիմնականում աշխատավարձերին և վարկերի տոկոսների մարմանը։

Բայց կարևորը, որ՝ ընթացքի մեջ է, մի ամբողջ կյանքի ընթացք ․․․»,-գրել է Առաքելյանը և գրառմանը կից լուսանկար հրապարակել Նուբարաշենի աղբավայրից։