Ուկրաինացի դիվերսանտների փոքր խմբերը շարունակում են առաջանալ Բելգորոդի սահմանից. լրատվամիջոցներ

14:23 • 23.05.23

ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքային թաղամասում ուկրաինացի դիվերսանտների փոքր խմբերը շարունակում են սահմանից առաջանալ դեպի Կոզինկա բնակավայր: Այս մասին գրում է SHOT թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին: Վերջինիս փոխանցմամբ՝ նրանց դեմ կռվում են ռուս ուժայինները։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը։

SHOT-ը պարզաբանում է, որ տեղանքում գործում է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ըստ տեղեկությունների՝ այն հարվածում է Ուկրաինայի զինված ուժերի արձակած հետախուզական անօդաչու սարքերին։

Հայտնի է, որ Բելգորոդում հրետակոծության հետևանքով 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Բելգորոդի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ չի նախատեսվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ուժերը շարունակում են մաքրման աշխատանքները Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում, որտեղ ներթափանցել է ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

«Գրայվորոնի շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ. Պաշտպանության նախարարությունը իրավապահ մարմինների հետ շարունակում է տարածքի մաքրումը»,- գրել է նա։

Մարզպետի խոսքով՝ այն գյուղերում, որտեղ ներխուժել են դիվերսանտները, կարող է լինել երկու վիրավոր խաղաղ բնակիչ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Առայժմ անվտանգության ուժերին չի հաջողվել հասնել նրանց»,- հավելել է Գլադկովը:

Նա նաև հայտնել է, որ տարհանման ժամանակ մահացել է 82-ամյա մի կին։

Առավոտյան նախօրեին Ուկրաինայի կողմից ականանետային կրակոցների են ենթարկվել Գրայվորոն քաղաքը և հարակից գյուղերը, ապա դիվերսանտների խումբը ներթափանցել է շրջանի տարածք։ Ութ մարդ վիրավորվել է, սակայն զոհեր չկան։ Զինվորականներն ու անվտանգության ուժերը ձեռնարկում են բոլոր միջոցները դիվերսանտներին վերացնելու համար։ Բելգորոդի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։

Նախօրեին հաղորդվել էր, որ ուկրաինացի դիվերսանտները գրավել են ՌԴ Բելգորոդի մարզի Գորա Պոդիլ գյուղի մշակույթի տունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության դաշնային ծառայությունը և Սահմանային ծառայությունը նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Բելգորոդում տիրող իրավիճակի մասին, որտեղ մարտ է ընթանում Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի հետ։

Պեսկովի խոսքով՝ Կրեմլը լավ գիտի, թե ինչու է Ուկրաինան փորձում դիվերսիա իրականացնել Ռուսաստանի սահմանին՝ տեղեկատվական օրակարգը փոխելու և Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտությունից ուշադրությունը շեղելու նպատակով։