Ցանկանում եմ, որ կոռուպցիոն դրսևորումները մեր հասարակությունում հնարավորինս վերանան․ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

11:32 • 24.05.23

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը վստահեցնում է, որ ցանկանում է, որ կոռուպցիոն դրսևորումները հասարակությունում վերանան, պաշտոնում ընտրվելու դեպքում մտադիր է իր ներդրումն ունենալ այդ գործում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դանիելյանն այս մասին ասաց ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հավակնում նման բարձր պաշտոնի՝ Դանիելյանն ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ իրականացման, այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում առանցքային և խիստ կարևոր նշանակություն ունի ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման համատեքստում:

«Հնարավորության դեպքում ցանկանում եմ այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում իմ համեստ մասնակցությունը, ներդրումն ունենալ, իմ գիտելիքները, փորձառությունը, մասնագիտական և անձնական որակներն այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում ծառայեցնելու գործում: Ավելի պարզ ասած՝ ցանկանում եմ, որ այդ երևույթը՝ կոռուպցիոն դրսևորումները, մեր հասարակությունում հնարավորինս վերանա, կանխվի: Կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած ժողովրդավարական հասարակության առանցքային խնդիրներից է»,-ասաց թեկնածուն:

Նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի  գործիքակազմում առանցքային նշանակություն ունեն հակակոռուպցիոն մարմինները, այդ շարքում էական դեր է տրված մասնագիտացված դատարաններին: Իսկ այդ համակարգում իր առանցքային դերն ունի Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը: