Բա սրան առաջին պլան կբերե՞ն․ Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանին

13:33 • 24.05.23

Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը մի թևավոր արտահայտություն ունի՝ բա սրան առաջին պլան կբերե՞ն: Այս մասին այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ապա, դիմելով Դանիելյանին, հավելեց․ «Ձեզ էր ուղղված»։

Ինչպես ընդգծեց Գեղամ Մանուկյանը, փաստաբանների և ամբաստանյալների շրջանում հայտնի է, որ երբ Վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է Արմեն Դանիելյանին, շատ հաճախ փաստաբանները, ինչպես նաև բողոք ներկայացնող ամբաստանյալները պարզապես չեն էլ հետաքրքրվել, թե Վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանն ինչ որոշում է կայացնելու:

«Ըստ ձեզ, ի՞նչն է պատճառն, որ ի սկզբանե դատավոր Արմեն Դանիելյանին մակագրված քրեական գործերի հետ կապված բողոքների հետ կապված փաստաբաններն արդեն կանխորոշված են համարել, թե ինչ որոշում է կայացվելու դատավորը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Ճշտող հարցին՝ արդյոք այս հարցը դիտարկվում է իրեն քննադատելու համատեքստում, Արմեն Դանեիելյանն ստացավ դրական պատասխան, ինչից հետո նշեց, որ բավական մեծ պատասխանատվությամբ է վերաբերում ցանկացած քննադատության, սակայն քննադատությունը պետք է լինի առողջ:

«Քննադատության վերաբերյալ դատողությունները պետք է հնչեցվեն անկողմնակալ և քիչ, թե շատ օբյեկտիվ դիտորդի համատեքստում: Բացի այդ, քննադատության մեջ ներառված բաղադրիչների վերաբերյալ քիչ, թե շատ օբյեկտիվ, գնհատողական դատողություն անելու համար երևի թե անհրաժեշտէ է հարցին անդրադառնալ խնդրո առաջրկային առնչվող բոլոր փաստական հանգամանքների և դրանցում ներառված բաղադրիչների վերլուծության և գնահատման համատեքստում», - հավելեց նա:

Հարցին՝ ինչպիսին պետք է լինեն դատավորի հետագա գործողությունները, եթե նրա կայացրած վճռից հետո Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական է համարում և հակառակ վճիռն է կայացնում, Արմեն Դանիելյանն ընդգծեց, որ դատական ակտերը հրապարակային են ու հասանելի են՝ հրաժարվելով պատասխանել հարցին, սակայն անդրադառնալով Արթուր Սարգսյանի գործով իր կայացրած որոշմանը, նշեց․

«Ես տողատակում զգացի, որ կոնկրետ գործ եք մատնանշում, ուստի զերծ կմնամ որևէ դատողություն անելուց՝ մնալով իմ վարքագծի կանոնների մեջ։ Միայն կարող եմ ասել, որ հիշյալ դատական ակտը հանրամատչելի է»: