Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ, ինչպե՞ս կարելի է Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ, ո՞րն է ձեր հայրենիքը․ Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
Մի հարց եմ ուզում տալ ընդդիմադիրներին՝ Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ, ինչպե՞ս կարելի էր Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ, և ո՞րն է ձեր հայրենիքը, արդյո՞ք հայրենիքի ինչ-որ կտոր փոխանակման առարկա է։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ հարցն ուղղելուց առաջ պատգամավորների ուշադրությանը ներկայացնելով ՀՀ առաջին ու երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախկինում արված հայտարարություններից հատվածներ։
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջման՝ համաձայնելով Արցախում կրկին հանրաքվե անցնացնելուն, Արշակյանն ասաց․ «Հարցս հետևյալն է՝ երկրորդ անգամ հանրաքվեն ո՞րն է։ Այսինքն՝ մեկը լավը չէր, մի անգամ էլ անենք, երրորդ անգամ, չորրորդ, հինգերորդ անգամ»։
Այս հարցադրումներից հետո Արշակյանն ընթերցեց նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձի՝ Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին ուղղված հատվածը, որում ԱՀ նախագահը միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության պատրաստականություն էր հայտնել, ընդգծելով, որ ի վերջո Արցախի ժողովրդի ներկայացուցիչները վերադառնում են բանակցային սեղանի շուրջ, և իրենց մոտեցումներն այս հարցում համընկնում են։
Անդրադառնալով բանակի ու սպառազինությունների վերաբերյալ հնչած մեղադրանքներին՝ Արշակյանը հերթական հարցն ուղղեց ընդդիմադիրներին․
«Ո՞րն է եղել գինն ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու։ Ո՞րն է եղել գինը, որ չորրորդ օրը պատերազմը դադարել է, արդյո՞ք դադարել է, որովհետև հայկական ԶՈւ-ն ահռելի ջախջախիչ հարված է հասցրել Ադրբեջանի ԶՈւ-ին, և եթե այդպես է, ապա ինչո՞ւ այդ ռազմական հաջողությունները չեն շարունակվել»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր ցույցերն օգտագործել հօգուտ երկրի և պահանջել այլևս ճնշում չգործադրել իր վրա բանակցային գործընթացում, ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց, որ ծանոթ են և՛ նման մեթոդներին, և՛ դրանց արդյունքներին, ուստի նույն ճանապարհը մի քանի անգամ անցնելու կարիք չկա և պետք է դասեր քաղել պատմությունից։
«Ուզում եմ մի հարց էլ տալ ընդդիմադիրներին։ Հիմա ո՞րն է ձեր ծառայությունը երկրին։ Այսքան ելույթներ լսեցիք, հատուկ գտա, բերեցի, հնչեցրեցի, տասնյակ ուրիշներն էլ կարող եմ հնչեցնել։ Ո՞րն է ձեր ծառայությունը։ Այսինքն՝ Քոչարյանի՝ ռազմական նպատակներով նվաճած տարածքները հետ վերադարձնելու թեզը հայրենիքի հետ ասոցացման մեջ չեք դնում, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ըստ էության, Ադրբեջանին զիջված տարածքները հայրենիքի հետ ասոցացման տակ եք դնում։ Ուզում եմ ուղիղ ասել։ Այս ամենին՝ աչքակապության, ժողովրդին խաբելու, մոլորեցնելու այս տրամաբանությանը պիտի վերջ դրվի և վերջ է դրվում։ Պիտի խնդրեմ, որ ամեն անգամ այստեղից տարաբնույթ պատեհապաշտական, ամեն ինչ զոհելով իշխանութան հասնելու, ամեն ինչի վրայով անցնելու պատրաստակամ այս մոտեցումներին վերջ դնեք և ամեն անգամ մտածեք, թե դուք ի՞նչ ծառայություն եք մատուցում ձեր ժողովրդին, ձեր պետության, մեր ապագա սերունդներին ի՞նչ եք սովորեցնում, արդյո՞ք չեք սովորեցնում պատրանքներով ապրել և վերջում առերեսվել իրականությանը», - եզրափակեց նա։










