ՀՀ-ում կոչումներն ու պարգևները արժեզրկված են, որովհետև ոչ տվողներն են արժանի տալու, ոչ էլ ստացողների մեծ մասը՝ ստանալու. Հովհաննես Գալստյան

16:50 • 27.05.23

Tert.am-ի զրուցակիցը կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն է, ում հետ խոսել ենք մշակույթի ոլորտում իշխանությունների գործելաոճի, կայացրած որոշումների մասին:

-Պարոն Գալստյան, Կառավարությունը մտադիր է վերացնել պետական կոչումները, որ շնորհվում էին արվեստի, գիտության, կրթության ոլորտի ներկայացուցիչներին։ Ասում են՝ խորհրդային մնացուկ է, ավելորդ բան։ Հակառակորդները պնդում են, որ դա յուրատեսակ գնահատական է մարդու վաստակին։ Ի՞նչ կարծիքի եք այս մտադրության մասին։

 -Կոչումներ տրվել են և՛ հին Եգիպտոսում, և՛ հին Հռոմում, մնացուկի խնդիր չկա։ Այլ հարց, որ Հայաստանում խորհրդային ավանդույթները ամուր նստած են մարդկանց ուղեղներում։ Վերցրեք կինեմատոգրաֆիստների միությունը, ի՞նչ է սա, ո՞րն է սրա գործառույթը, ոչ ոք չգիտի, բայց ունեն տարածք, ստանում են պետական աջակցություն ծրագրերի համար, առաջարկում պետական կոչումների թեկնածուներին․․․ այս պարազիտ կառույցի օգուտը հայ կինոյին զրո է, բայց քաշում են պետական միջոցները՝ խորհրդային «լավագույն» ավանդույթներով։ Սա է խորհրդային մնացուկը, սրանցից պետք է ազատվել։ Հոլիվուդյան Աստղերի ծառուղուց մինչև Օսլոյի Նոբելյան մրցանակ. արվում է նույն բանը՝ հարգանքի տուրք է մատուցվում արժանի մարդկանց, իրենց երկրին, ոլորտին կամ մարդկության մատուցած ծառայությունների դիմաց։ Ու դա լավ բան է։ Մեզ մոտ կոչումներն ու պարգևները արժեզրկված են, որովհետև ոչ տվողներն են արժանի տալու, ոչ էլ ստացողների մեծ մասը՝ ստանալու։ Այսօրվա իշխանությունը մարդու գնահատման մի ֆորմատ գիտի՝ պարգևավճարը։ Իրենք դա բաժանում են շռայլորեն՝ իրար մեջ։ Արժևորման այլ չափորոշիչ չգիտեն։ Բայց եթե պետությունը հրաժարվի կոչումներ տալուց, կհայտնվեն ինքնագլուխ անհատներ, ասենք՝ ինչ-որ օլիգարխ, որը ծննդյան օրվա առիթով իր կնոջը կոչում նվիրելու համար կհիմնադրի ճոռոմ մի մրցանակաբաշխություն, կհրավիրի թամադա-մտավորականների, իրար կոչումներ կտան, կցրվեն տներով։ Սա նույնպես տգեղ բան է ու թույլ տալ չի կարելի։ Էստեղ լավագույն ելքը կարող է լինել կոչումներ տալու վրա մորատորիում սահմանելը, մինչև կգա նոր, գրագետ իշխանություն ու կկարգավորի հարցը օրենքով։

-Իսկ միգուցե պետք է վերացնել նաև մշակույթին պետական պատվեր իջեցնելու պրակտիկան։ Արդյոք դա օգտակար է, խթան է, օրինակ՝ կինոյի, թատրոնի համար, թե՞ հակառակը. բուծում է պալատական արվեստագետներ ու քառակուսի, քարոզչական արվեստ։

-Պետությունը պետք է աջակցի մշակույթին, ոչ թե իջեցնի պետպատվեր։ Պետությունը պատասխանատու է մշակութային հարուստ ժառանգության պահպանման ու ավելացման համար, բայց նա հարսանիքի հյուր չէ, որ երաժշտություն պատվիրի։ Պետական բյուջեն, որից սնվում է մշակույթը, հավաքվում է ՀՀ քաղաքացիների միջոցներից, հետևաբար՝ ՀՀ քաղաքացին է պատվիրատուն, ոչ թե իշխանությունը։ Իշխանությունը պարզապես յուրացրել է այդ գումարներն ու օգտագործում է որպես մահակ՝ ընդդիմախոս մշակութային գործիչներին պատժելու ու քծնողներին խրախուսելու համար։ Սա նողկալի պրակտիկա է։ Մշակույթը պետք է կառավարեն ոլորտի պրոֆեսիոնալները՝ անկախ հիմնադրամների միջոցներով, իսկ չինովնիկական բռի միջամտությունները պետք է բացառվեն։ Մշակույթը չափազանց նուրբ բան է՝ չինովնիկների խելքի ու խղճին թողնելու համար։

-Կրթական նոր չափորոշիչներով հայ եկեղեցու պատմություն առարկան, որպես այդպիսին, չի լինելու դպրոցներում, տարրալուծում են այլ առարկաների մեջ։ Իշխանությունն ասում է՝ աշխարհիկ պետություն ենք, պետք չէ առանձնացնել եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից։ Ձեր կարծիքով՝ որն է նպատակը, եկեղեցին, օրինակ, պնդում է, որ այս առարկայով նաև բարոյական դաստիարակության հարց էր լուծվում։

-Հայ Առաքելական եկեղեցին անուրանալի ավանդ ունի մեր ազգի պահպանման գործում և մեր ինքնության կարևոր բաղադրիչն է։ Սա է եկեղեցու դեմ սանձազերծված պայքարի միակ պատճառը։ Իշխանությունը տառապում է դեռահասի բարդույթներով ու խանդում է հայ հասարակության վրա եկեղեցու ահռելի ազդեցությանը՝ չհասկանալով, որ ինքը վաղը հեռանալու է, իրենց հիմնական մասին ոչ ոք չի հեշելու, իսկ որոշներին դարերով հիշատակելու են «դավաճան» խարանով, բայց Հայ Առաքելական եկեղեցին ունենալու է նույն ազդեցիկ ներկայությունը հայ մարդու կյանքում։ Եկեղեցին ամուր, իմաստուն կառույց է, շատ փորձություններ է հաղթահարել, վստահ եմ, կհաղթահարի նաև այս տգեղ կծմծոցները։

 -Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում ազգային սիմվոլներից, Արարատից, հայրենասիրությունից։ Ասում է՝ պետք է հստակ տարբերենք հայրենիքն ու պետությունը, այլ տեսանկյունից ուսումնասիրենք մեր պատմությունը։ Սա պրագմատիզմ է, թե ազգայինից աստիճանաբար հրաժարվելու միտում, ինչպես պնդում են Փաշինյանի ընդդիմախոսները։

-Նիկոլ Փաշինյանը, առհասարակ, շատ է խոսում։ Որքան շատ է խոսում, այքան շատ է խճճվում հակասությունների մեջ։ Իր այսօրվա խոսքերը հերքում են իր իսկ խոսքերը, որ ասել է երեկ։ Մենք շատ ժամանակ կկորցնենք, եթե հիմա զբաղվենք նրան մեկնաբանելով կամ նրա հակասական մտքերում իմաստ փնտրելով։

-Ձեր շատ կոլեգաներ չեն արտահայտվում օրհասական խնդիրների շուրջ, ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մեր գործով ենք զբաղվում։ Միգուցե ճի՞շտ են ասում։

-Ես կհասկանայի նրանց, եթե տեսնեի արած գործերը։ Ինքս, օրինակ, բավական ակտիվ արտահայտում եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, ընդգծված ընդդիմադիր եմ, և կարող է տպավորություն ստեղծվել, որ դա խանգարում է իմ գործին։ Բայց այս աշնանը էկրան կբարձրանա իմ «Բեքսթեյջ» ֆիլմը, որ հայկական կինոյի պատմության միակ ֆիլմն է, որի արտադրությունը կասեցվել է պետական կառույցների կողմից՝ իմ դեմ գրված կեղծ մատնության պատճառով, ես անգամ ներքաշված եմ եղել քրեական գործի մեջ։ Ո՛չ իմ քաղաքացիական ակտիվությունը, ո՛չ էլ իմ դեմ սանձազերծած արշավը չեն խանգարել ինձ ստեղծագործել։ Այնպես որ, ես զուսպ ժպտում եմ, երբ իմ հերթական կոլեգան փորձում է իր ստեղծագործելու անկարողությունն ու տրիվիալ վախկոտությունը թաքցնել «քաղաքականությամբ չեմ զբաղվում» ծեծված տրաֆարետի տակ։ 

ՀՀ-ում կոչումներն ու պարգևները արժեզրկված են, որովհետև ոչ տվողներն են արժանի տալու, ոչ էլ ստացողների մեծ մասը՝ ստանալու. Հովհաննես Գալստյան