Մի՛ շարունակեք, լռեք և լսեք․ էս ի՞նչ բան էր․ Անդրանիկ Քոչարյանի ու Գեղամ Մանուկյանի միջև լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ)

13:29 • 30.05.23

Որևէ զինվորականի որևէ մեկն իրավունք չունի վարկաբեկել, զինվորականն ինքը պետք է այնպիսի կյանք ապրի, որպեսզի իրեն որևէ մեկը չկարողնա վարկաբեկել։ Մենք ունեցել ենք նման զինվորականներ, որոնք փառահեղ անցյալ ունեն, բայց նաև անկումներ են ունեցել որոնք ողբերգական են եղել թե՛ իրենց ընտանիքների համար, թե՛ մեր պետության։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։

Գեղամ Մանուկյանը փորձեց արձագանքել այս դիտարկմանը, սակայն Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ Մանուկյանին ձայն չի տվել և վերջինս ընդհատում է իր ելույթը։

Այս դիտարկումից հետո պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց։

«Ձայն տալու հարց չէ, արձագանքի հարց է։ Ձեր ելույթը թող նվիրված լինի օրենքի նախագծին, ոչ թե իմ ասածներին։ Սովորություն դարձրեք ընդհանրապես ելույթներին մի արձագանքեք», - ասաց Մանուկյանը, ինչին ի պատասխան Քոչարյանը պահանջեց լռել ու այլև չշարունակել։

«Պարո՛ն Մանուկյան, մի՛ շարունակեք, Դուք հիմա ինձ խանգարում եք։ Հիմա ես խոսում եմ, Դուք աշխատեք լռել և լսել։ Ես լռել և լսել եմ ձեզ», - ասաց Քոչարյանը։

Ընդդիմադիր պատգամավորի այն դիտարկմանը, որ ինքը չի կարող լռել, երբ կարգը խախտվում է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․

«Կարգը չի խախտվել։ Կարգի խախտման մասին Ձեզ առանձին արտահայտվելու հնարավորություն կտամ։ Էս ի՞նչ բան էր»։

 

Մի՛ շարունակեք, լռեք և լսեք․ էս ի՞նչ բան էր․ Անդրանիկ Քոչարյանի ու Գեղամ Մանուկյանի միջև լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ)