1 զոհ, 1 վիրավոր, Արագածոտնում Mersedes-ը մխրճվել է կայանված Зил-ի մեջ․ Shamshyan.com
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 15։40-ի սահմաններում Սասունիկ գյուղի վարչական տարածքում «Արմենիա Վայն» գինու գործարանի հարևանությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Зил մակնիշի բեռնատարին։
2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու նշված գործարանի աշխատակիցները, դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի բուժանձնակազմը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Зил-ը առաջ է ընթացել, իսկ Mercedes-ը վերածվել է մետաղի ջարդոնի։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարվում, հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացավ։
Այս դեպքի մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Մայիսի 31-ին, ժամը 15։29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 2003 թ.) բախվել է կայանած «Zil» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1955 թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ արձանագրվել է Վ․ Խ․-ի (ծնված 2008 թ․) մահը։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրության մեջ։










