2022 թվականին 10 ոստիկան ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար․ ՆԳ փոխնախարար
Փորձը ցույց է տալիս, որ եթե ուզում ենք ունենալ մեր պատկերացումներով այնպիսի ոստիկանի կերպար, որը մեր քաղաքացիներին կկարողանա ճիշտ ծառայություն մատուցել, պետք է մի քանի չափորոշիչներ շատ հստակ սահմանված լինեն, որոնցից մեկն էլ սա է։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ պետք է ատեստավորում անցնելու համար ոստիկանության ծառայողներն անցնեն թմրամիջոցի և հոգեմետ նյութերի օգտագործման ստուգում և կա՞ արդյոք մտավախություն, որ ոստիկանները հոգեմետ դեղեր ու թմրանյութեր են կիրառում։
«2022 թվականին մենք ունեցել ենք 10 ծառայողական քննություն, որի շրջանակներում 10 ծառայող ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ 2022-2023 թվականների կտվածքով ունենք արդեն 6 քրեական վարույթ՝ արդեն քրեական հանցակազմի տրամաբանության մեջ, և գտել ենք, որ ատեստացիայի շրջանակներում կկարողանանք նախապես այս ֆիլտրի միջով անցկացնել համակարգն ու համակարգում թողնել այն մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ իրականացնում են իրենց պարտականությունները և հավուր պատշաճի նրանց վարձատրել»,- ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ոստիկանական համակարգի ծառայողները 24-ժամյա քրտնաջան աշխատանք են կատարում, ինչի արդյունքում պետք է ստանան համապատասխան վարձատրություն։
Սարգսյանը նաև հավելեց, որ ինչ-ինչ պատճառներով ատեստավորումը սեփական ներուժով չհաղթահարելու դեպքում ՆԳՆ-ն պատրաստ է վերապատրաստել ծառայողներին։ Ավելին՝ ըստ ՆԳ փոխնախարարի ատեստավորումը գերազանց անցնելու պարագայում վարձատրությունը կրկնակի կլինի, լավի դեպքում կլինի 75 տոկոսի չափով, իսկ բավարարի դեպքում՝ 50 տոկոսի չափով։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին սահմանեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Ատեստավորումը իրականացվելու է երեք փուլով։ Առաջին փուլը լինելու է ընդհանուր բաժնի թեստավորում, որով ստուգվելու է ոստիկանության ծառայողների ընդհանուր զարգացվածությունը, երկրորդը փուլում կստուգվի ֆիզիկական և մարտական պատրաստականությունը, իսկ երրորդում՝ գիտական բաժնի թեստավորումն է, որը վերաբերելու է մասնագիտական կարողություններին։










