Բոլոր մանուկները պետք է ապրեն անվտանգ և խաղաղ երկրում. Երվանդ Թարվերդյանը երեխաների պաշտպանության միջազգային օրն անցկացրեց փոքրիկների հետ

16:48 • 01.06.23

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը  հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրն, անցկացրեց  փոքրիկների հետ: Օրվա  առթիվ Երվանդ Թարվերդյանն այցելեց «TMM - Սովորեցրու Ինձ Ավելին» ուսուցման և զարգացման կենտրոն: 

«Միացյալ Հայաստան» կուսակցության անդամները պարբերաբար այս կենտրոնում են լինում, հետաքրքրվում երեխաների կարիքներով և փորձում այդ խնդիրները լուծել: Այսօրվա այցն էլ պատահական չէ և եկել են նրանց տոնը շնորհավորելու:

Թարվերդյանն ասում է՝ երեխաները մշտապես ուշադրության կարիք ունեն, իսկ աուտիզմ ունեցող  փոքրիկները ամեն օր պետք է հոգածության ներքո գտնվեն:

«Պետք է  նրանց հետ աշխատել, որպեսզի նրանք բացվեն և ինտեգրվեն հասարակության մեջ: Ասեմ մեկ պատմական փաստ. հանճարների մի ահռելի մաս աուտիզմով տառապող երեխաներ են եղել, իսկ հետագայում տարբեր ոլորտներում հանճարներ են դարձել»,- հավելեց նա:

Այստեղ  ուսում ստացող 16  տարեկանից բարձր սաները սովորելուն զուգահեռ նաև միկրոբիզնեսով են զբաղվում, անձեռոցիկներ են պատրաստում: Ըստ Թարվերդյանի՝ սա կարևոր քայլ է, որ երեխաների մոտ նաև բիզնես-մտածողությունն է զարգանում:

«Մեր կյանքում ամեն մի հայ իր տեղը պետք է ունենա, մենք ավելորդ հայ  չունենք: Այսօր ազգը համախմբված երեխաների պաշտպանության միջազգային օրն է նշում: Իմիջիայլոց, հենց երեկ իմ ընկերների հետ խոսում էինք այս թեմայով՝ վերհիշելով մեր ազգային տոները: Մենք պետք  է պարտադիր մեր ազգային  տոները նշենք:

Ինչու ոչ, մենք պետք է նաև նախաձեռնությամբ հանդես գանք, որ կառավարությունը մեր ազգային տոները նշի: Այո,  ագրեսիա, պատերազմական գործողություններ դա պետք է գիտակցենք, սակայն, ազգը պետք է  նաև ուրախանա և տոնի այն, ինչ իրենն է»,- ասաց նա:

«TMM - Սովորեցրու Ինձ Ավելին» ուսուցման և զարգացման կենտրոն մոտ 200 երեխաներ են հաճախում, ովքեր ունեն շտկողական աշխատանքների կարիք:  Աշխարհագրությունը լայն է, կենտրոն հաճախում են  հանրապետության տարբեր մարզերից խնդիրներ ունեցող երեխաները: Հատուկ մասնագետների խումբը փորձում են անհատական և խմբային աշխատանքների միջոցով շտկել երեխաների խնդիրները:

«Մեր երեխաները կարողանում են զարգանել, շփվել, խոսել, հասկանալ: Եվ մեր  նպատակն է ստեղծել իսկական ներառական կրթություն և, երեխաներին ինտեգրել հասարակությանը»,-նշեց կենտրոնի տնօրեն Լենա Հարությունյանը:

Տնօրենի ներկայացմամբ՝ կենտրոնը մշտապես  տարբեր հասարակական կազմակերպությունների, հասարակական- քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում է: 

«Ես չեմ ուզում, որ այս երեխաները հանրությունից առանձնանան: Ես ցանկանում եմ, որ  նրանց չհիշեն միայն հունիսի մեկին, այլ որ յուրաքանչյուր օր հունիսի 1 լինի: Այս երեխաների առանձնահատկություններին չպետք է նայենք, պետք է չնկատենք նրանց խնդիրները: Բոլորս էլ ունենք առանձնահատկություններ և պետք է  բոլորիս համար հասարակությունը մեկը լինի»,- մատնանշեց կենտրոնի տնօրենը:

Լենա Հարությունյանը օրվա առթիվ երեխաներին  մեկ մաղթանք ունի, որպեսզի նրանք առողջ ու խաղաղ երկրում ապրեն:

Տոնի առթիվ կենտրոն այցելած  5 երեխաների հայր Երվանդ Թարվերդյանն էլ ցանկանում է, որ բոլոր մանուկները լավ պետություն ունենան, ապրեն անվտանգ և խաղաղ  երկրում, քանի որ միայն խաղաղ հայրենիք ունենալու դեպքում կարող  ենք զարգացում ունենալ:

Բոլոր մանուկները պետք է ապրեն անվտանգ և խաղաղ երկրում. Երվանդ Թարվերդյանը երեխաների պաշտպանության միջազգային օրն անցկացրեց փոքրիկների հետ