Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ գերազանցելով 280-ը (լուսանկարներ)

11:27 • 03.06.23

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտակայքում երկու մարդատար և մեկ բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի։ Agence France Press-ի հաղորդմամբ՝ վիրավոր է 900 մարդ։

Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի և առնվազն 300 տուժածի մասին։

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարական ու շտապօգնության ծառայությունները։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է Տարերային աղետների հետևանքների չեզոքացման ազգային ուժերի ավելի քան հարյուր աշխատակից։

Հիշեցնենք, որ գնացքները բախվել են Օդիշա նահանգում՝ Բախանագա Բազար կայարանի մոտակայքում։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 19։20-ին։ Մարդատար գնացքներից մեկը Կալկաթայից Չեննայ էր ուղևորվում, երբ բախվել է Բանգալորից Կալկաթա ընթանալիս ռելսերից դուրս եկած բեռնատար գնացքին։ Ռելսերից դուրս եկած վագոններն ընկել են հարակից գծի վրա, ինչի հետևանքով դրանց է բախվել մյուս մարդատար գնացքը։

Միջադեպից հետո երկրում մեկօրյա սուգ է հայտարարվել։

 

 

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ գերազանցելով 280-ը (լուսանկարներ)