Չինաստանը կենտրոնացած է դիվանագիտության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման վրա. երկրի ՊՆ ղեկավար
Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունները, սակայն նշել է, որ Չինաստանը կենտրոնացած է ռազմական դիվանագիտության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման վրա։ Այս մասին գրել է Ъ-ն։
Սինգապուրում «Շանգրի Լա․ Երկխոսություն» անվտանգության համաժողովի ժամանակ իր ելույթում Լիին խնդրել են մեկնաբանել «Ուկրաինայում ռուսական բանակի ոչ տպավորիչ գործողությունները»։ Նաև խնդրել են բացատրել, թե ինչ դասեր կարելի է քաղել ռազմական հակամարտությունից՝ ուսմունքի, ղեկավարության, օպերատիվ ու մարտավարական գործունեության, նյութատեխնիկական ապահովման, ռազմական կազմակերպման, տեխնիկայի և ուսուցման ոլորտներում:
«Այս պահին մենք ավելի շատ կենտրոնացած ենք ռազմական դիվանագիտության վրա։ Ինչ վերաբերում է մարտական պրակտիկային, ես շատ ժամանակ չեմ ծախսել այդ ոլորտների վրա, և, հետևաբար, չեմ կարող բարձր մասնագիտական պատասխան տալ համապատասխան հարցերին… Մեր առաջնահերթությունն այժմ խաղաղ բանակցություններ առաջ տանելն է»,- ի պատասխան ասել է նա։










