Եթե Սերգո Կարապետյանը կենդանի լիներ, աչքերի մեջ կնայեի ու կասեի՝ ամոթ. Բարսեղ Բեգլարյան
Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, որը մահացել էր 2021թ․-ի փետրվարին կորոնավիրուսային հիվանդությունից, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունք է տվել։
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց այդ քրգործով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
«Սա «կարած» գործ է, թատրոն է, չե՞մ ասել, որ Գյուլնազ տատի հեքիաթներն է, թատրոն է։ Հազար օղորմի Սերգոյին, որ կենդանի լիներ, աչքերի մեջ կնայեի ու կասեի ամոթ։ Ես Սերգո Կարապետյանին տեսել եմ միայն 2011 թվականին, միայն առերեսմանն եմ մասնակցել: Դուք չգիտենք, որ սա քաղաքական նպատակներով Սերժ Սարգսյանի դեմ ուղղված գործ է»,-նշեց Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:










