Տուն՝ տնից հեռու. «Դեպի Հայք»-ի հյուրընկալող ընտանիքներն օգնում են ստեղծել հարատև կապեր (տեսանյութ)
Ստեղծման օրից ի վեր «Դեպի Հայք»-ը (Birthright Armenia) գիտակցել է այն խորը ազդեցությունը, որ հայ առաջնորդների հաջորդ սերնդի վրա կարող է ունենալ Հայաստանում ներգրավման, տեղի կյանքին ինտեգրման, երկրի մշակույթին և լեզվին ծանոթանալու, դրանց վերաբերյալ ավելին իմանալու ծրագիրը, որի հիմքում կամավորական ծառայությունն է:
Կազմակերպությունը ձգտել է ստեղծել փորձառություն, որն ավելի մեծ նվիրվածություն կխթանի հայկականի հանդեպ, ինչի արդյունքը կլինեն ոգեշնչված և լավ պատրաստված երիտասարդները՝ պատրաստ ձևավորելու մեր հավաքական ապագան:
«Դեպի Հայք»-ը կարծում է, որ յուրաքանչյուր հայի ի ծնե իրավունքն է ոչ միայն տեսնել Հայաստանը, այլ նաև զգալ այն հարստացնող, գործնական և կյանքը փոխող ծրագրի միջոցով:
«Դեպի Հայք»-ի ծրագրի հիմքում կամավորների համար հյուրընկալող ընտանիքների հետ ապրելու հնարավորությունն է, որն առաջարկում է յուրահատուկ և անձնական կապ տեղական համայնքի հետ: Խրախուսելով կամավորներին բնակվել հյուրընկալող ընտանիքների հետ՝ «Դեպի Հայք»- -ն ապահովում է միջավայր, որը նպաստում է բովանդակալից շփումներին և մշակութային փոխանակմանը: Հյուրընկալող ընտանիքները, որոնք խնամքով ընտրում և նախապես ստուգում է «Դեպի Հայք»-ը, հաճախ ունենում են կամավորի տարիքային խմբին համապատասխանող առնվազն մեկ անդամ, ինչը թույլ է տալիս երիտասարդների միջև դինամիկ կապեր հաստատել:
Հյուրընկալ ընտանիքի հետ ապրելը դռներ է բացում իրական փորձառությունների համար՝ թույլ տալով կամավորներին խորասուզվել հայկական մշակույթի, լեզվի և առօրյա կյանքի մեջ:
Սա հնարավորություն է ստեղծելու մինչև կյանքի վերջ տևող ընկերություն և խորը կապ հաստատել իրենց նորահայտ հայ ընտանիքի հետ: Այս կապերը դուրս են գալիս լեզվի դասերի և մշակութային փոխանակության սահմաններից՝ դառնալով «տուն՝ տնից հեռու» փորձառություն:
Որպես հյուրընկալող ընտանիքի հետ մասնակցի փորձառության ուշագրավ օրինակ կարելի է նշել Ֆրանսիայից ժամանած Ալեքսանդր Արոյին. վերջինս կատարելապես համապատասխանում է իրեն հյուրընկալած ընտանիքին:
«Ուսումնառությանս չորրորդ տարում, երբ ես 21 տարեկան էի, հանդիպեցի Birthright Armenia-ի շրջանավարտին, որն ինձ ծանոթացրեց ծրագրին: Ես ցանկանում էի ավելի մոտենալ իմ հայկական ինքնությանը և ինձ ավելի հայ զգալ, քանի որ եղածը բավարար չէր: Ես զգում էի, որ գոնե պետք է կարողանամ խոսել և ինքնս ինձ ներկայացնել հայերեն»,- հարցազրույցում բացատրել է Ալեքսանդրը։
Նրան հյուրընկալած ընտանիքի հայրը՝ Տիգրանը, մինչ «Դեպի Հայք»-ի մասնակցի հետ պատահական հանդիպումը չէր լսել ծրագրի մասին:
«Մենք մեր ընկերների տանն էինք, և ես տեսա մի երիտասարդի: Հարցրի, թե ով է նա՝ ընտանիքի անդամներից մե՞կն է: Ինձ ասացին՝ ոչ, նա մասնակցում է «Դեպի Հայք» ծրագրին, որի շրջանակում սփյուռքահայերը գալիս են Հայաստան և կարող են ապրել հյուրընկալող ընտանիքների հետ»,- մանրամասնել է Տիգրանը:
Հայաստանում գտնվելու ընթացքում Ալեքսանդրին դուր է գալիս լավ ժամանակ անցկացնել հյուրընկալող ծնողների՝ Տիգրանի և Կարինեի հետ. նրանք զրուցում են և՛ ֆրանսերեն, և՛ հայերեն՝ խորանալով ընդհանուր հետաքրքրությունների մեջ, ինչպիսիք են պատմությունը, Հայաստանի հնագույն քարտեզները և երաժշտությունը:
Կապն այնքան խորն է, որ Ալեքսանդրը երկարացրել է իր կամավորության ժամկետը Հայաստանում՝ ավելի շատ ժամանակ անցկացնելու հյուրընկալող ընտանիքի հետ:
«Ի սկզբանե ցանկանում էի մեկ ամիս մնալ Երևանում, բայց ծրագրերս արագ փոխվեցին։ Ես կմնամ երեք ամիս, քանի որ իմ կապը Տիգրանի և Կարինեի հետ այնքան առանձնահատուկ է, որ չեմ ուզում այն կորցնել»,- պատմել է Ալեքսանդրը։ Նրա համար Հայաստանն այժմ երկրորդ տուն է, իսկ հյուրընկալող ընտանիքը դարձել է նրա ուղևորության անբաժանելի մասը։
«Այն, թե ինչպես նրանք ընդունեցին ինձ և ինչպես ենք մենք շփվում միմյանց հետ, առանձնահատուկ է», - հավելել է Ալեքսանդրը:
Անվտանգությունը, իհարկե, առաջնային նշանակություն ունի «Դեպի Հայք»-ի համար, և կազմակերպությունը մեծ ջանքեր է գործադրում իր կամավորների բարեկեցությունն ապահովելու համար: Ամբողջ Հայաստանում նախապես ընտրված և նախապես ստուգված հյուրընկալող ընտանիքները մասնակիցների համար ապահովում են աջակցող և անվտանգ միջավայր: «Դեպի Հայք»-ի լրջագույն մոտեցումն անվտանգության հարցին թույլ է տալիս կամավորներին կենտրոնանալ իրենց փորձառության վրա՝ իմանալով, որ վստահելի ձեռքերում են:
Մասնակցելով «Դեպի Հայք»-ին՝ ոչ միայն սկսում եք ինքնաբացահայտման անձնական ճանապարհորդություն, այլև՝ նպաստում հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին:
Ծրագրի կամավորականության բաղադրիչը թույլ է տալիս շոշափելի փոփոխություն մտցնել հայաստանցիների կյանքում և նպաստել տեղական համայնքների աճին: Անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում՝ ներգրավված եք կրթության, առողջապահության, համայնքի զարգացման կամ այլ ոլորտներում, ձեր ջանքերը երկարատև ազդեցություն կունենան:
Ալեքսանդրը, ինչպես Birthright Armenia-ի բոլոր շրջանավարտները, մարմնավորում է կազմակերպության տեսլականը: Նրանք հանդես են գալիս որպես հայ ժողովրդի, նրա պատմության և լեզվի պահպանման կարևորության խորը ըմբռնմամբ և գնահատմամբ առաջնորդներ, որոնք Հայաստանի և նրա աշխարհասփյուռ համայնքի հավաքական ապագային նպաստելու ներուժ ունեն:
Եթե պատրաստ եք սկսել կյանքում դեպի փոփոխություններ տանող ճանապարհորդություն, կապվել ձեր արմատների հետ և նշանակալից ազդեցություն թողնել, «Դեպի Հայք»--ը ձեզ հրավիրում է որպես կամավոր կամ հյուրընկալող ընտանիք միանալ իրենց ծրագրին:
«Ես եկել եմ Հայաստան՝ իմ հայկական ինքնության՝ լեզվի, մշակույթի, մեր հայրենիքի և տեղի բնակիչների մասին ավելին իմանալու: Հայաստանում կամավոր լինելը և հյուրընկալող ընտանիքի հետ ապրելն ինձ նաև մասնագիտական և անձնական եզակի փորձ է տվել: Ես շատ շնորհակալ եմ դրա և Հայաստանում գտնվելու համար», - եզրափակել է Ալեքսանդրը:










