Ես երբեք այդպես չէի վարվի. Զելենսկին պնդում է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման հրաման չի տվել

11:50 • 08.06.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երբեք չէր տա «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման հրաման։ Նա վստահեցրել է, որ ինքը «հարյուր տոկոսով որևէ բան չի իմացել դրա մասին»:

«Ես նախագահ եմ և համապատասխան հրամաններ եմ տալիս... Ուկրաինան նման բան չի արել։ Ես երբեք այդպես չէի վարվի»,- Politico-ին ասել է Զելենսկին:

Վերջինս պնդել է, որ տեղյակ չի եղել որևէ մեկի՝ «Հյուսիսային հոսք»-ի աշխատանքը խաթարելու  ծրագրերի մասին:

«Ես ասացի՝ ցույց տվեք ապացույցները, եթե դա ենթադրաբար արել են մեր զինվորականները, ցույց տվեք ապացույցները»,- հավելել է նա։

«Հյուսիսային հոսք»-ում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։ Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ դիվերսիաները համակարգել են ԱՄՆ հետախուզական ծառայությունները։ Ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը 2023 թվականի փետրվարին պնդել է, որ պայթյունը կազմակերպել է Միացյալ Նահանգները։

Ինչպես հավելում է kommersant.ru-ն, ըստ ամերիկյան և գերմանական մի շարք լրատվամիջոցների՝ դիվերսիաներին կարող էր մասնակցել ուկրաինամետ խմբավորումը։ Ինչպես հունիսին պարզել է The Washington Post-ը, Վաշինգտոնը տեղյակ է եղել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա հարձակվելու Կիևի ծրագրերի մասին դեպքից դեռ երեք ամիս առաջ:






Ես երբեք այդպես չէի վարվի. Զելենսկին պնդում է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման հրաման չի տվել