Կանադայում անտառային հրդեհների ծուխը պատել է ամերիկյան քաղաքների երկինքը. բնակիչներին կոչ են արել տնից դուրս չգալ (լուսանկարներ, տեսանյութ)
Կանադայում անտառային հրդեհների ծուխը շարունակում է պատել ԱՄՆ Արևելյան ափը, իսկ օդի աղտոտվածության մակարդակը ռեկորդներ է սահմանում ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներում: Ըստ IQAir ծառայության տվյալների՝ Նյու Յորքն օդի աղտողվածության մակարդակով առաջին տեղում է, գրում է dailymail.co.uk-ը:
IQAir-ի տվյալներով՝ Նյու Յորքի օդում PM2.5 կոնցենտրացիան այժմ 22 անգամ գերազանցում է այն մակարդակը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համարում է առողջության համար անվտանգ։
Քաղաքապետ Էրիկ Ադամսը Twitter-ում զգուշացրել է, որ այս իրավիճակը կշարունակվի առնվազն առաջիկա մի քանի օրվա ընթացքում, և բնակիչներին խորհուրդ է տվել չլքել իրենց բնակարաններն ու տները, եթե խիստ անհրաժեշտություն չկա:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ 13 նահանգ, որտեղ ապրում է մոտավորապես 115 միլիոն մարդ, գտնվում է Կանադայից եկող անտառային հրդեհների ծխի ազդեցության գոտում: Մի քանի նահանգներ, ներառյալ Նյու Յորքը, Մասաչուսեթսը, Կոնեկտիկուտը, Փենսիլվանիան և Նյու Ջերսին, փակել են դպրոցները, չեղյալ են հայտարարել փողոցային միջոցառումները, ներառյալ սպորտային մրցումները, և բնակիչներին խորհուրդ են տվել կամ ընդհանրապես դուրս չգալ փողոց, կամ կրել դիմակներ և շնչառական սարքեր:


















