Կա առնվազն 3 գերտերություն՝ Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանը․ ԱՄՆ գեներալ

23:45 • 08.06.23

Ելույթ ունենալով Պաշտպանության ազգային համալսարանում՝ ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբի նախագահ Մարկ Միլին ասել է, որ Սառը պատերազմից և ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ն 10-15 տարի մնացել է աշխարհում մի գերտերություն, իսկ այժմ կարելի է խոսել առնվազն երեք գերտերության մասին։ Գրել է НТВ-ն։

«Այժմ ավելի պարզ է դառնում, որ մենք իսկապես բազմաբևեռ միջազգային միջավայրում ենք, որտեղ կա առնվազն 3 գերտերություն՝ Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանը»,- ասել է գեներալը։

Նա զգուշացրել է, որ «առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում» աշխարհը կբախվի «շատ լուրջ մարտահրավերների և ճգնաժամերի»։

Միլին նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն այժմ «շատ լուրջ վտանգ է ներկայացնում աշխարհի համար» և ընդգծել, որ գործողությունները Չինաստանի, որն ընդլայնում է իր ռազմական ներկայությունն այլ երկրներում և տարածաշրջաններում, «ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում»։

Բացի այդ, զինվորականը նշել է, որ իրավիճակը ավելի է բարդանում նրանով, որ որոշ երկրներ սկսում են ավելի կարևոր դեր խաղալ իրենց տարածաշրջաններում:

Գեներալը, անուններ չնշելով, ասել է, որ ավելի ուշ այդ պետությունները կարող են սկսել հավակնել գերտերությունների կարգավիճակին։