Գուցե Աշոտ Փաշինյանն է զղջացել և ցանկանում է, որ Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվի. Վահիդ Սահակյան
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, հիմք ընդունելով Գայանե Հակոբյանի արդեն նախկին փաստաբաների հայտարարությունները, հնարավոր է համարում, որ Գայանե Հակոբյանն ազատ արձակվի:
Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում:
Ըստ Վահիդ Սահակյանի՝ գուցե Աշոտ Փաշինյանն է զղջացել և ցանկանում է, որ Գայանե Հակոբյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառվի:
«Դատական նիստը դռնփակ է, մենք չգիտենք, թե ներսում, ինչ է կատարվել: Սա դատավարություն է, ես ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց նա:
Վահիդ Սահակյանը տեղյակ չէ, թե Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքը, թե՝ ոչ:
Ըստ տեղեկությունների՝ Գայանե Հակոբյանն ընդունել է մեղադրանքը, սակայն, փաստաբանները ո՛չ հաստատել են այն, ո՛չ հերքել:
Նշենք, որ այսօր Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» նիստը դռնփակ է ընթացել:
Գայանե Հակոբյանն արդեն երկրորդ անգամ հրաժարվել է փաստաբանների պաշտպանությունից:
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը նորից կալանավորվել է 1 ամիս 15 օր ժամկետով։
Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։










