Ֆիլիպինների ամենաակտիվ հրաբուխը լավա է արտանետում (լուսանկարներ)
Ֆիլիպինների ամենաակտիվ Մայոն հրաբուխը, որն ունի 2462 մետր բարձրություն, խառնարանից լավա է արտանետում։ Այս մասին հունիսի 13-ին հայտնել է Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ ավելի քան 13 հազար մարդ լքել է հրաբխի խառնարանից վեց կիլոմետր շառավիղի վրա գտնվող հիմնականում աղքատ ֆերմերային համայնքները՝ անցած շաբաթ հրաբխային ակտիվության բարձրացումից հետո մեկնարկած պարտադիր տարհանման շրջանակում:
Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Թերեզիտո Բակոլկոլն ասում է, որ Մայոնի շրջակայքում բարձր ռիսկային գոտին կարող է ընդլայնվել, եթե ժայթքումն ուժեղանա: Մայոնը Ֆիլիպինների 24 գործող հրաբուխներից մեկն է։ Դրա վերջին հզոր ժայթքումը տեղի է ունեցել 2018 թվականին։













