Ճապոնիայում պետծառայողին ազատել են աշխատանքից՝ շղթայով, էլեկտրաշոկերով վերադասին խոշտանգելու համար
Ճապոնիայի Օսակա քաղաքի ճարտարապետության դեպարտամենտի աշխատակիցը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից այն պատճառով, որ եռման ջուր է լցրել, ծեծի ենթարկել ու խոշտանգել իր ղեկավարին էլեկտրաշոկերով։ Այս մասին գրել է Political Lore-ն։
Աշխատակիցը պատասխանատու էր լքված հեծանիվների ապամոնտաժման և տարհանման համար։ Պարզվել է, որ երկու տարի առաջ նա հարվածել է ղեկավարի կրծքավանդակին ու դեմքին, եռման ջուր լցրել նրա վրա, էլեկտրաշոկերը դրել նրա մարմնին ու հեծանվային շղթայով հարվածել։
Նրա վերադասն այժմ թոշակի է անցել։ Աշխատակիցն ասել է, որ իրեն զայրացրել է իր նախկին ղեկավարի վերաբերմունքն աշխատանքին, բայց զղջացել է, որ բռնություն է կիրառել։
Օսակայի քաղաքապետարանն արդեն հայտարարել է, որ հանրային ծառայողի նման գործողությունները խաթարում են քաղաքացիների վստահությունը իշխանությունների հանդեպ։
Պաշտոնից հեռացնելը Ճապոնիայում ընդունված պետական ծառայողների պատժի ամենախիստ ձևն է։










