Նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության գործընթացին. Խանդանյանը՝ Բաքվում Էրդողանի հայտարարության մասին
Գործնականում նման հայտարարությունները և դրանց հետևող հնարավոր գործողություններն արդյունավետ չեն և չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ Շուշիում հյուպատոսություն բացելու վերաբերյալ հայտարարությանն ու այն հատկապես Հայաստանին ուղղված ուղերձ որակելուն:
Ըստ Խանդանյանի՝ մի կողմից հայտարարում են, որ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատել, մյուս կողմից արվում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում այդ գործընթացին:
«Ուստի այդ հայտարարությունն անհանգստություն է առաջացնում, պետք է հետևենք, թե ինչ զարգացում կլինի»,-ասաց նա:
Ճշտող հարցին՝ դիտարկվում են արդյոք նման հայտարարություններն Էրդողանի կողմից որպես ճնշող գործիք Հայաստանի նկատմամբ, Խանդանյանը պատասխանեց, որ չի կարող նման որակում տալ։
«Իրականում թուրք-ադրբեջանական հարաբերությունների հռետորաբանությունը ինչպիսին եղել է նախկինում, այնպես էլ շարունակվում է հիմա, որևէ փոփոխություն չի կրել», - ընդգծեց նա:










