Շենավան գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են 41-ամյա ամուսնու դին, կասկածյալը կինն է. Shamshyan.com

23:52 • 15.06.23

Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Նշված գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանը, վարչության պետի տեղակալ Ղազարյանը: 

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի մուտքի մոտ՝ դրսում, հայտնաբերել են գլխի մասում ստացած վնասվածքներից մահացած տղամարդու դի: Մուտքի մոտ հայտանբերել են նաև արնանման հետքեր: 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել են նաև Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Արմավիրի մարզի դատախազի  տեղակալ Կարեն Խաչատրյանը:

Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Մարատ Մ.-ն է: Ոստիկանները նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Մ.-ին:

Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային դանակ, երկաթյա օդամղիչ սարք (նասոս), որոնց վրա առկա է արնանման հետքեր: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում, սպանության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Սպանության կասկածանքով Արմավիրի ոստիկանություն տեղափոխված Էմմա Մ.-ն Արմավիրի ոստիկանությունից ներկայացվել է քննչական վարչություն: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մահացածը Էմմայի ամուսինն էր, ով խմիչքի հետ մեծ սեր ուներ: Գիտենք, որ այսօր գինովցած եկել է տուն և դանակով հարձակվել ընտանիքի անդամների վրա, իսկ հետո հավանաբար կինը ինքնապաշտպանվելու նպատակով «նասոսով» հարվածել է ամուսնու գլխին: Հիմա մեզ ասում են ինքնապաշտպանվելու նպատակով, բայց դե վստահ ենք, որ քննիչները իրականությունը կբացահայտեն, թե ինչն է եղել պատճառը»: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

 

Շենավան գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են 41-ամյա ամուսնու դին, կասկածյալը կինն է. Shamshyan.com