Իրկուտսկի մարզում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 62-ի, սրճարանի սեփականատերը ձերբակալվել է

10:58 • 15.06.23

Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 62-ի: Շաուրման մատուցած արագ սննդի սրճարանի սեփականատերը ձերբակալվել է։

Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի (ՔԿ) Իրկուտսկի մարզի քննչական վարչության մամուլի ծառայությունը։

«Ձերբակալվել է Բրատսկի արագ սննդի սրճարանի սեփականատերը... որտեղ թունավորման նախանշաններով  բժշկական օգնության է դիմել 62 մարդ, նրանցից 29-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 5 երեխա», - հայտնել են մամուլի ծառայությունում։

ՔԿ-ի տվյալներով՝ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով   (անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի արտադրություն, պահպանում, վաճառք):

Տարածաշրջանային «Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով՝ արձանագրվել է սուր աղիքային վարակի 29 դեպք։ Հունիսի 14-ի առավոտյան հայտնի էր դարձել Բրատսկի 11 բնակիչների, այդ թվում՝ 5 երեխաների թունավորման մասին՝ շաուրմա վաճառող սրճարան այցելելուց հետո։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են։ Հունիսի 15-ի առավոտյան հաղորդվել է տուժածների թվի ավելացման մասին։

Տարածաշրջանային «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները խախտումներ են հայտնաբերել կերակուրների պատրաստման, սրճարանում մթերքի պահման տեխնոլոգիական գործընթացում։ Նաև հաստատությունում չկան պայմաններ աշխատողների անձնական հիգիենայի պահպանման համար։ Հաստատությունը ժամանակավորապես փակվել է:

Իրկուտսկի մարզում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 62-ի, սրճարանի սեփականատերը ձերբակալվել է