Պուտինը Գագարինի շքանշանով է պարգևատրել առաջինը տիեզերք թռած կնոջը՝ Տերեշկովային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային պարգևատրել է Գագարինի նորաստեղծ շքանշանով, հայտնում է ria.ru-ն:
«Տիեզերքի ուսումնասիրման գործում ակնառու ծառայությունների, խիզախության և նվիրումի, որը ցուցաբերվել է տիեզերք պատմական օդաչուավոր թռիչքի իրականացման ժամանակ, ակտիվ հասարակական և միջազգային գործունեության համար, Գագարինի շքանշան շնորհել Տերեշկովա Վալենտինա Վլադիմիրովնային», -ասվում է հրամանագրում։
Պուտինը մայիսին է հաստատել Գագարինի շքանշանը, որը շնորհվելու է տիեզերքի ոլորտում վաստակի համար։
Տերեշկովան դարձել է առաջին կինը տիեզերքում և վեցերորդը խորհրդային տիեզերագնացների շարքում: Եվ մինչ այժմ նա մնում է միակ կինը, որը միայնակ է թռել տիեզերք. մնացած բոլորը թռել են միայն անձնակազմի կազմում: Տերեշկովայից հետո հաջորդ կինը տիեզերք է մեկնել միայն 19 տարի անց՝ 1982 թվականին դա խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան էր:
Տերեշկովայի տիեզերական թռիչքը տեղի է ունեցել ուղիղ 60 տարի առաջ՝ 1963 թվականի հունիսի 16-ին: Այդ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 12:30-ին «Վոստոկ» հրթիռն արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից և ուղեծիր դուրս բերել «Վոստոկ-6» տիեզերանավը։ Թռիչքի տեւողությունը երկու օր 22 ժամ 50 րոպե էր, հեռահարությունը՝ մեկ միլիոն 971 հազար կիլոմետր։ Տիեզերանավը 48 պտույտ է կատարել Երկրի շուրջ։










