Ջենին ճամբարի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ առնվազն 91 պաղեստինցի․ Al Jazeera
Իսրայելական ուժերը գրոհել են փախստականների Ջենին ճամբարը, ինչի հետևանքով սպանվել է 5 պաղեստինցի և վիրավորվել առնվազն 91-ը։ Այս մասին գրել է Al Jazeera-ն։
Գրոհը սկսել է երկուշաբթի վաղ առավոտյան, երբ իսրայելցի զինվորները ներխուժել են ճամբար, կիրառել մարտական զինամթերք, ցնցող նռնակներ, թունավոր գազ, հայտնել է Wafa լրատվական գործակալությունը:
Սպանված պաղեստինցիներից մեկը երեխա է։
Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է զոհերի ինքնությունը՝ 15-ամյա Ահմեդ Սաքրը, 21-ամյա Խալեդ Դարվիշը, 19-ամյա Քասամ Սարիան և 29-ամյա Քասամ Ֆեյսալ Աբու Սիրիան:

5-րդ զոհի ինքնությունը դեռ պարզված չէ։ Ենթադրվում է, որ տուժած 10 պաղեստինցիների վիճակը ծանր է:
Տեղում եղած լրագրողները Al Jazeera-ին ասել են, որ մի քանի գործընկերների վրա իսրայելական ուժերը կրակել են արշավի ժամանակ, որը տեղի է ունեցել այն վայրի մոտ, որտեղ 2022 թվականի մայիսին իսրայելցի դիպուկահարի կողմից գնդակահարվել ու սպանվել է Al Jazeera-ի վետերան լրագրող Շիրին Աբու Ակլեհը:
Իսրայելական բանակը հաստատել է, որ հարձակման ժամանակ վիրավորվել է իր զինծառայողներից 7-ը, բանակն իր ռադիոալիքով հայտնել է, որ մեկ զինվորի վիճակը վատացել է, բայց կայուն է:
Իսրայելի զինվորականները հայտնել են, որ հարձակումը նպատակ է ունեցել ձերբակալել 2 կասկածյալի, և որ իսրայելցի զինվորները կրակ են բացել, ինչի հետևանքով տեղի է ունեցել «զանգվածային փոխհրաձգություն»:
«Կասկածյալներից մեկը, որին նրանք հետապնդում էին, «Համասի բանտարկված առաջնորդի որդին էր»», - ասել է Al Jazeera-ի լրագրող Իմրան Խանը Արևմտյան Երուսաղեմից:










