Բրազիլացին բարդ վիրահատությունից հետո դադարել է աճել և 23 տարեկանում 13 տարեկանի տեսք ունի

15:42 • 19.06.23

23-ամյա բրազիլացի Լուիս Ավգուստո Մարսիո Մարկեսը դադարել է աճել՝ շատ հազվադեպ և ագրեսիվ ուռուցքը հեռացնելու վիրահատությունից հետո։ Այսօր նա 13-ամյա տղայի տեսք ունի, գրում է odditycentral.com-ը։

Լուիսը, որը բնակվում է Պասո Ֆունդո քաղաքում, միանգամայն նորմալ կյանք է ունեցել մինչև 7 տարեկանը, երբ նա սկսել է տանջալից գլխացավեր զգալ. դրանք ժամանակի ընթացքում ավելի հաճախակի են դարձել: Բժիշկներից ոչ մեկը չէր կարողանում ճիշտ ախտորոշել նրա վիճակը: Ընթացքում գլխացավերը սկսել են ազդել նրա դպրոցական և առօրյա կյանքի վրա։ Ոմանք պնդում էին, որ դա պարզապես վիրուս է, իսկ ոմանք ասում էին, որ դա հոգեբանական վիճակ է, կամ նա պարզապես ամեն ինչ հորինում է, քանի որ ծույլ է։ Միայն այն բանից հետո, երբ տղան սուր նոպա է ունեցել, նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, որտեղ վերջապես պարզվել է տանջող գլխացավերի իրական պատճառը:

Գուտոյի մոտ ախտորոշվել է կրանիոֆարինգիոմա՝ գլխուղեղի ուռուցքի ծայրահեղ հազվագյուտ տեսակ, որը հանդիպում է մեկ միլիոն մարդուց մեկի մոտ: Բժիշկները տղայի մորաքրոջն ասել են, որ պետք է վիրահատեն նրան, որպեսզի հեռացնեն ուռուցքի մի մասը, այլապես նա կմահանա մի քանի օրվա ընթացքում։ Այնուամենայնիվ, վիրահատությունն ինքնին շատ վտանգներ էր պարունակում, քանի որ ուռուցքի գտնվելու վայրն այնպիսին էր, որ Լուիզը վիրահատությունից հետո կարող էր կորցնել քայլելու, խոսելու կամ աչքերը շարժելու ունակությունը, բացի այդ, դա կարող էր ազդել աճի վրա: Ի վերջո, նրա ընտանիքը որոշել է ռիսկի դիմել և փրկել տղայի կյանքը։

Վիրահատությունից հետո Գուտոն բարեհաջող ապաքինվել է, բայց մի շարք թեստեր կատարելուց հետո բժիշկները մի քանի տխուր նորություն են հայտնել: Վիրահատության ընթացքում Գուտոյի հիպոֆիզի գեղձը վնասվել է, և նա, ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահի կդադարի նորմալ աճել։  Տղայի աճը դադարել է 12 տարեկանում, ինչի հետևանքով նա այսօր՝ 23 տարեկանում, դեռահասի տեսք ունի:

Բժիշկները կարող էին փոխարինել Գուտոյի հիպոֆիզային գեղձի ֆունկցիան՝ տղային աճի հորմոն ներարկելով, բայց դա կարող էր մեծացնել նաև ուռուցքը, ուստի տղայի ընտանիքը հրաժարվել է:

Այսօր 23-ամյա Գուտոն ունի 1,62 մ հասակ, կշռում է մոտ 50 կգ և 13 տարեկանի տեսք ունի, սակայն նա ուրախ է, որ դեռ ողջ է մի քանի տարի քիմիոթերապիայից և գլխի ընդհանուր 12 վիրահատությունից հետո։

Բրազիլացին բարդ վիրահատությունից հետո դադարել է աճել և 23 տարեկանում 13 տարեկանի տեսք ունի