ՀԱՊԿ ԱԳ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների ազդեցությունն Անդրկովկասում

16:47 • 20.06.23

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շահագրգռված են տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում լարվածության թուլացմամբ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում, հայտնում է ԲելՏԱ-ն։

«Մենք բոլորս շահագրգռված ենք լարվածության թուլացմամբ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում»,- ասել է նա։

Հաղորդվում է, որ նիստի շրջանակում ԱԳ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային իրավիճակի զարգացման միտումները, դրանց ազդեցությունը ՀԱՊԿ անվտանգության բոլոր տարածաշրջաններում՝ Արևմուտքում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում։

«Ընդհանուր առմամբ, մենք իրավիճակը գնահատում ենք շատ լարված, որոշ դեպքերում՝ սպառնալից: Եվ դա չի կարող օրինական անհանգստություն չառաջացնել մեր բոլոր երկրների համար»,- ասաց Սերգեյ Ալեյնիկը։


«Ուրախալի է, որ միջազգային օրակարգի արդիական հարցերի վերաբերյալ մեր պետությունների մոտեցումները շատ առումներով շատ նման են»,- ասել է բելառուս նախարարը։

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ը միշտ եղել և մնում է պաշտպանական կառույց՝ ուղղված խաղաղությանը և, որ կազմակերպության բոլոր անդամները համախմբված են այդ հարցում:







ՀԱՊԿ ԱԳ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների ազդեցությունն Անդրկովկասում