Հնարավո՞ր էր արդյոք Շուշին պահել հայկական վերահսկողության ներքո ու կանգնեցնել 44-օրյան․ Փաշինյանը՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին
Ըստ Ադրբեջանի այդ պահի առաջարկի Շուշիում պետք է առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն լիներ, նրանք պետք է Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո, սա նշանակում է, որ այնտեղ կարող էր լինել նաև ադրբեջանական զինված ստորաբաժունումներ, սա էլ նշանակում է, որ խոսքը Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում․
«Ադրբեջանը պատրաստ էր պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները: Այս օրն էր, որ ի հայտ եկավ նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ քննարկված և քննադատված դրվագը, թե իբր եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել:
Ինձ ինչի մեջ են մեղադրում, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի այն կմնար հայկական վերահսկողության ներքո, և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված այն կլիներ հայկական:
Այդ ձևակերպումը ինքնին խնդրահարույց է, բայց երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ըստ այս տարբերակի ինչպիսի տեսք պետք է ունենան ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: Այդ խոսակցության արդյունքում պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, որ համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի և Ղարաբաղի մյուս բնակավայրեր:
Այս առաջարկը չընդունելու իմ հիմնավորումներից մեը սա էր՝ դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահի կարող էին այն փակել, որովհետև Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու, իսկ Լաչինի միջանցքը անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ»,-ասել է նա:










