ՄԻԵԴ-ը մերժել է երկու հայ զինծառայողների վերաբերյալ Հայաստանի հայցը

20:30 • 22.06.23

Հունիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Հայաստանի պահանջը՝ Ադրբեջանի կառավարության դեմ միջանկյալ միջոցներ կիրառել Բաքվի կողմից «ահաբեկչության, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ հանցագործությունների համար մեղադրվող» (չակերտները Tert.am-ի) երկու զինծառայողների հարցով։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրջավամիջոցները։

Tert.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, սակայն զանգերն անպատասխան մնացին։

Երեկ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել ու ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել իր կողմից «հայկական դիվերսիոն խմբի» (չակերտները Tert.am-ի) անդամներ ներկայացվող հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործը:

Նրանք մեդադրվում են «հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով:

Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն անհետացել էին մայիս 26-ին՝ բեռնատար մեքենայով սնունդ ու ջուր մարտական հենակետեր փոխադրելու ժամանակ։ Դեպքի մասին պաշտոնապես առաջինը հայտնել էր ադրբեջանական կողմը՝ նրանց ներկայացնելով որպես դիվերսանտներ։

Ադրբեջանի Գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովն APA-ին ասել է, որ Բաքուն ապացույցներ էր ՄԻԵԴ-ին ներկայացրել առ այն, որ Ադրբեջանում «հայ զինծառայողների իրավունքները երաշխավորված են, և նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում» (չակերտները Tert.am-ի)։

Ըստ նրա՝ «հիմնվելով Ադրբեջանի կառավարության դիրքորոշման վրա՝ Եվրադատարանը մերժել է Հայաստանի դիմումը» (չակերտները Tert.am-ի)։

Հայաստանը ՄԻԵԴ էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածների հիման վրա։ 

 

 

ՄԻԵԴ-ը մերժել է երկու հայ զինծառայողների վերաբերյալ Հայաստանի հայցը