Պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը․ Փաշինյան (տեսանյութ)

11:18 • 22.06.23

Հումանիտար իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է սրվել, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման։

Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ  Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ի հեճուկս Հաագայի դատարանի որոշման՝ ավելին, Ադրբեջանն անգամ արգելել է ԿԽՄԿ-ի մեքենաների երթևեկությունը Լաչինի միջանցքով։

Փաշինյանը նշեց, որ  ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնարին դարձնելու համար, հենց սա է, ըստ նրա, էթնիկ զտման քաղաքականությունը:

«Դադարեցված են սննդի և այլ ապրանքների մատակարարումը։ Դեղորայքի դեֆիցիտ կա, նույնիսկ ծանր հիվանդներին չեն կարողանում Լեռնային Ղարաբաղից տեղափոխել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրեց, թե որն է խնդրի լուծումն իր պատկերացմամբ։

«Պետք է, ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»,-հավելեց նա։

Պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը․ Փաշինյան (տեսանյութ)