«Տիտանիկի» ավերակներն ուսումնասիրելու մեկնած սուզանավի օպերատորն ուղևորներին մահացած է հայտարարել

23:38 • 22.06.23

Ատլանտյան օվկիանոսում անհետացած «Տիտան» բատիսկաֆի շահագործող OceanGate Expeditions ընկերությունը հայտարարել է, որ անձնակազմի անդամները մահացել են։ Այս մասին գրել է CNN-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը: 

«Այժմ մենք կարծում ենք, որ մեր գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, Շահզադա Դաուդը և նրա որդին՝ Սուլման Դաուդը, Հեմիշ Հարդինգը և Փոլ-Հենրի Նարգեոլը, ցավոք, մահացել են»,- ասվում է OceanGate-ի հայտարարության մեջ:

«Այս մարդիկ իսկական ուսումնասիրողներ էին, ովքեր կիսում էին արկածային ոգին և օվկիանոսները ուսումնասիրելու և պաշտպանելու խորը կիրքը: Մեր սրտերը այս ողբերգական պահին այս հինգ հոգիների և նրանց ընտանիքների յուրաքանչյուր անդամի հետ են»,- հայտնել է ընկերությունից:

Հիշեցնենք, որ «Տիտան» կոչվող անհետացած սուզանավում կա հինգ մարդ՝ բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը, OceanGate Expeditions ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, ֆրանսիական նավատորմի վետերան Փ.Հ. Նարգեոլետը և պակիստանցի գործարար Շահզադա Դաուդը՝ որդու՝ Սուլմանի հետ։ Մինչ աշխարհը նորությունների էր սպասում սուզանավի հինգ ուղևորի ճակատագրի մասին, ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել էր, որ բատիսկաֆում եղած թթվածինը կսպառվի առավոտյան ժամը 7:08-ին (Հայաստանի ժամանակով ժամը 15:08-ին): 

ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է անհետացած սուզանավի խորտակումը։ «Հինգշաբթի օրը ծովի հատակին հայտնաբերված բեկորները համապատասխանում են «Տիտանիկ» սուզանավի ճնշման խցիկի տվյալներին»,- մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ առափնյա պահպանության կոնտր-ծովակալ Ջոն Մաուգերը: 

Նա նշել է, որ խոսքն «աղետալի պայթյունի» մասին է, որի հետևանքով զոհվել են բաթիսկաֆում եղած բոլոր մարդիկ։

«Տիտանն» իր ուղևորությունը սկսել էր կիրակի օրը՝ ուսումնասիրելու «Տիտանիկի» բեկորները, որոնք գտնվում են ծովի մակարդակից մոտ 4 կմ ներքև:

 

 

«Տիտանիկի» ավերակներն ուսումնասիրելու մեկնած սուզանավի օպերատորն ուղևորներին մահացած է հայտարարել