ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է 5 մարդու՝ 3,5 մլն դոլար արժողությամբ ռադիոակտիվ ցեզիում-137-ն արտահանելու փորձի համար

12:15 • 23.06.23

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հինգ մարդու, որոնք փորձել են Ռուսաստանից դուրս բերել մեկ կիլոգրամ ռադիոակտիվ ցեզիում-137, հայտնում է ԱԴԾ մամուլի ծառայությունը։

Ըստ տվյալների՝ ռադիոակտիվ նյութը պատրաստվում էին օգտագործել «ի վնաս ռուսական շահերի» Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ։

ԱԴԾ-ի տվյալներով՝ կազմակերպված խմբի անդամները գործել են «Ուկրաինայի քաղաքացու համաձայնեցմամբ»՝ ելնելով օտարերկրյա պատվիրատուի շահերից։

Ցեզիում-137-ը պատրաստվում էին օգտագործել «զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ «բեմականացման» համար՝ Ռուսաստանին վարկաբեկելու նպատակով», պնդում է ԱԴԾ-ն։

«Օտարերկրյա պատվիրատուի շահերից ելնելով՝ հանցավոր խումբը միջոցներ է ձեռնարկել՝ շրջանցելով օրենսդրական արգելքներն ու սահմանափակումները, 3,5 մլն դոլարով ձեռք բերելու 1 կգ ցեզիում-137 իզոտոպը՝ Ռուսաստանի Դաշնությունից ռադիոակտիվ նյութը արտասահման տեղափոխելու և այն ի վնաս ռուսական շահերի օգտագործելու նպատակով»,- ասվում է ԱԴԾ մամուլի հաղորդագրությունում:

Կասկածյալները ձերբակալվել են և խոստովանական ցուցմունքներ են տալիս։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ռադիոակտիվ նյութերի ապօրինի շահագործման և մաքսանենգության համար դրանք նախապատրաստելու համար։

Ցեզիում-137-ը կենսոլորտի ռադիոակտիվ աղտոտման հիմնական բաղադրիչներից է։ Այն շրջակա միջավայր է ներթափանցում միջուկային փորձարկումների և վթարների ժամանակ։ Այն վտանգավոր է, երբ կուտակվում է մարմնում և կարող է հանգեցնել քաղցկեղի բջիջների զարգացմանը։




ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է 5 մարդու՝ 3,5 մլն դոլար արժողությամբ ռադիոակտիվ ցեզիում-137-ն արտահանելու փորձի համար