Ռուսաստանի ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ ապստամբության կոչի պատճառով

23:45 • 23.06.23

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի առթիվ, այս մասին հայտնել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն, գրել է РИА Новости-ն։

Գերատեսչությունն ընդգծել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունից տարածված բոլոր պնդումները որևէ հիմք չունեն։

«ԱԴԾ-ի այս հայտարարությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբության կոչի փաստով, պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները»,- ասվում է կոմիտեի հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները «ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ» թիկունքի ճամբարներին հարված հասցնելու» մասին, չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։

Ռուսաստանի ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ ապստամբության կոչի պատճառով