«Հայաքվե»-ն դիմել է մեզ, և մենք տարածք ենք տրամադրել․ Ալավերդու համայնքապետ

15:33 • 26.06.23

«Հայաքվե» նախաձեռնությունը դիմել է մեզ, և մենք տարածք ենք տրամադրել ստորագրահավաք անցկացնելու նպատակով։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը։

«Այո մեզ դիմել են, մենք դրական պատասխան ենք տվել, տարածք ենք տրամադրել, որպեսզի կարողանան իրենց աշխատանքները կատարել։ Տարածքը տրամադրել ենք հենց համայնքապետարանում»,- փոխանցեց Ալավերդու ղեկավարը։

Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը հայտնեց, որ իրենք ևս խոչընդոտներ չեն ստեղծել։

«Ապրելու երկիր» կուսակցության անդամը մանրամասնեց, որ «Հայաքվե» նախաձեռնությունը Նոյեմբերյանի համայնքապետարան դիմել է հունիսի 22-ին, իրենք էլ համայնքի մշակույթի տանը տարածք են տրամադրել։

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանն էլ ասաց, որ, իր տեղեկություններով, որևէ մեկն իրենց նման դիմում չի հասցեագրել։

Հիշեցնենք՝ «Հայաքվե» նախաձեռնության անդամները հրատապ մամուլի ասուլիս էին հրավիրել և հայտարարել, որ իշխանությունները խոչընդոտում են «Հայաքվե»-ի ստորագրահավաքը և տարածքներ չեն տրամադրում։

Ավելի վաղ նախաձեռնության անդամները ԿԸՀ-ին են նաև դիմել` առաջարկելով վերանայել ստորագրահավաքի անցկացման համար սահմանված ժամկետն ու այն երկարացնել այնքան ժամանակով, որքան ստորագրահավաքի անցկացման համար խոչընդոտներ են եղել։

Հիշեցնենք նաև՝ հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։

Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։ Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։

 

«Հայաքվե»-ն դիմել է մեզ, և մենք տարածք ենք տրամադրել․ Ալավերդու համայնքապետ