Դուք դեռ չեք լսել՝ ինչ էր տեղի ունենում ընդմիջման ժամանակ․ ՔՊ-ական պատգամավորներն անթաքույց սպառնալիքներ, վիրավորանքներ էին հասցնում ընդդիմության հասցեին․ Թագուհի Թովմասյան
Սա ուղղակի խայտռակություն է՝ ամեն անգամ ինչ-որ առիթ փնտրել և ԱԺ նիստերը վերածել փողոցային խուլիգանական գործընթացի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին։
«Ես, օրինակ, շատ անհարմար եմ զգում այս դահլիճ մտնել, որովհետև ամեն անգամ մտնում ես ու չգիտես՝ այս դահլիճում քեզ ինչ է սպասվում: Ես ամաչում եմ, որ ուղիղ եթերում մարդիկ ստիպված են լսել փողոցային բառապաշարի կիրառում ԱԺ պատգամավորների կողմից: Սա ուղղակի անընդունելի է։ Դուք ուղղակի դեռ չեք լսել, թե ինչ էր տեղի ունենում այն ժամանակ, երբ ընդմիջում էր հայտարարվում: Իշխանական պատգամավորներն անթաքույց սպառնալիքներ, վիրավորանքներ էին հասցնում ընդդիմության հասցեին», - ասաց Թովմասյանը:
Պատգամավորի խոսքով՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ի նշան բողոքի չի մասակցելու այսօրվա նիստին, քանի որ իրենք չեն կարող հանդուրժել նման իրավիճակը:
«Ուզում եմ նկատել, որ այս լարվածությունը, ըստ էության, Աժ նախագահից սկսվեց․ ինքը սկսեց վիրավորել ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ Սեյրան Օհանյանին, հետո ի նշան բողոքի դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից, ինչից ոգևորված ՔՊ-ականներն սկսեցին փողոցային լեքսիկոնը գործի դնել: Կարծում եմ՝ սա անհարիր է խորհրդարանին, խորհրդարանի պատգամավորին։ Մենք իսկապես լուրջ մտածելու խնդիր ունենք՝ ում հետ գործ ունենք»,–ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չի պատկերացնում այսօրվա աշխատանքներն ինչպես են ընթանալու, ուստի այսօր իրենք այլև չեն մասնակցելու նիստին, իսկ մյուս օրերի մասով դեռ որոշում կկայացնեն։










