Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա և ներկայացնի տեղեկատվությունը, որին տիրապետում է․ Անդրանիկ Քոչարյան

17:59 • 27.06.23

Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով և ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունն ինչին տիրապետում է։

Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 Նա հետաքրքրվեց՝  արդյոք Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ մասնակցելո՞ւ է քննիչ հանձնաժողովի հետագա նիստերին, թե՝ ոչ։

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ արդեն որերորդ անգամ հրապարակային հրավիրում են Մովսես Հակոբյանին մասնակցելու քննիչ հանձնաժողովին, սակայն, նա այդպես էլ չի արձագանքում։

 «Ուշադիր հետևել է և պատասխանել է այն հատվածներին, որը վարչապետը հանրայնացրել է, բայց չէ՞  որ ինքը ասելիք ունի այդ և այլ դրվագների մասին։ Քննիչ հանձնաժողովը շատ կցանկանար, որ ինքն այդ մասին ասել»,- կարևորեց նա։

 Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքերը քննող հանձնաժողովի նիստին նաև հայտարարել էր, որ ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել՝ զորքերը դուրս բերելու «ռեկոմենդացիան» տվել է Մովսես Հակոբյանը։

 Վարչապետը նաև նշել է, որ առ այսօր չիպարզել, թե ինչու էր նման առաջարկ արվում։ Հանձնաժողովի նիստում ևս մեկ անգամ Մովսես Հակոբյանին հրավիրեցին հանձնաժողովին մասնակցելու։

 Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՊՆ ռազմական վերսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է՝ հայտարարելով, որ ինքը մանկապարտեզի երեխային չի մեկնաբանում։ Նա նաև հայտնել է, որ ինքը որևէ որոշում կայացնելու իրավասություն չի ունեցել։

Ինչ վերաբերվում է Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու, Հակոբյան  ասել է, որ այդ «ցիրկին»  չի մասնակցելու։

Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա և ներկայացնի տեղեկատվությունը, որին տիրապետում է․ Անդրանիկ Քոչարյան