Լուկաշենկոն ՌԴ-ում ապստամբության ֆոնին հրամայել է բանակը բերել լիարժեք մարտական պատրաստության
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում զինված ապստամբության փորձի ժամանակ հրաման է տվել բանակը լիարժեք մարտական պատրաստության բերել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Բոլոր հրամանները տվել եմ բանակը լիարժեք մարտական պատրաստության բերելու համար»,- ասել է Լուկաշենկոն։
Քաղաքական գործիչը նշել է, որ իր համար «ցավալի էր հետևել» Ռուսաստանի հարավում տեղի ունեցող իրադարձություններին։
«Մեր քաղաքացիներից շատերը դա սրտին մոտ են ընդունել, որովհետև հայրենիքը մեկն է՝ Բրեստից մինչև Վլադիվոստոկ է»,- ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ»-ի ճամբարների վրա հրթիռային հարվածներ են եղել:
Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», «դանակով հարված Ռուսաստանի թիկունքին» և «դավաճանություն»։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնեցված բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերության ղեկավարն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Կրեմլում ասել են, որ դրա երաշխիքը Ռուսաստանի նախագահի խոսքն է։










