Ռուս խաղաղապահների ներկայությունը առաջիկայում կենսական անհրաժեշտություն է լինելու, մեր ակնկալիքը ռուսական կողմից առանձնահատուկ է․ Գեղամ Մանուկյան

11:30 • 27.06.23

Մինսկի խմբի համանախագահ երկրներից ակնկալիքը գործուն քայլերն են, Ադրբեջանի վրա շատ ավելի ճնշումներն են ու միայն հայտարարություններով չբավարարվելը։

Այս մասին ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպված նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ռուսական կողմից ակնկալիքը շատ ավելի առանձնահատուկ է՝ հաշվի առնելով, որ այսօր Արցախի անվտանգության երաշխավորը, ՀՀ-ի ձեռքերը լվանալուց հետո, մնացել են ռուս խաղաղապահները, որոնց ներկայությունը այսօր եզակի  անվտանգության երաշխիք է Արցախի Հանրապետության համար։ Ադրբեջանի քաղաքականությունը փաստում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կենսական անհրաժեշտ է լինելու՝ արցախահայության էթնիկ զտումը կանխելու համար։ Ունենալով դժվարություններ՝ ռուսական կողմը պետք է շատ ավելի գործուն քայլեր ձեռնարկի, որովհետև Ադրբեջանը ավելի ամբարտավան է դառնում ՝ տեսնելով ոչ գործնական ճնշումներ, այնքան ամբարտավան, որ նույնիսկ շրջափակման մեջ է պահում ռուս խաղաղապահներին»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Ռուս խաղաղապահների ներկայությունը առաջիկայում կենսական անհրաժեշտություն է լինելու, մեր ակնկալիքը ռուսական կողմից առանձնահատուկ է․ Գեղամ Մանուկյան