Մանկապարտեզի երեխային չեմ մեկնաբանում․ Մովսես Հակոբյանն արձագանքել է Փաշինյանին

14:21 • 27.06.23

Նիկոլ Փաշինյանը թող բացի կանոնադրությունը և կարդա, թե ես որտեղ գտնվելու իրավունք ունեի, ինքն է այդ  կանոնադրությունը  հաստատել։ 

Tert.am-ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսպես արձագանքեց  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պետք է ստուգվի՝ ինչո՞ւ է  Մովսես Հակոբյանը 44-օրյա պատերազմի ժամանակ  գտնվել  «բունկերում»։

 Նիկոլ Փաշինյանը ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքերը քննող հանձնաժողովի նիստին նաև հայտարարել էր, որ ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել՝ զորքերը դուրս բերելու «ռեկամենդացիան» տվել է Մովսես Հակոբյանը։

Լսելով հարցը, թե ինքը նման խորհուրդ տվե՞լ է, Հակոբյանը պատասխանեց․ «Մանկապարտեզի երեխային չեմ մեկնաբանում»։

Ճշտող հարցին, թե 7-րդ պաշտպանական շրջանի պաշտպանության հետ կապված որևէ առնչություն ունեցե՞լ է,  նախկին բարձրաստիճան զինվորականն ասաց, որ ինքը որոշում կայացնելու իրավասություն չի ունեցել։

 Մովսես Հակոբյանն  ի պատասխան տեղեկացրեց, որ չի գնալու և մասնակցելու  Քննիչ հանձնաժողովի նիստերին․ «Ես այդ ցիրկին չեմ գնա և մասնակցի»,-ասաց նա։

 

 

 

 

 

Մանկապարտեզի երեխային չեմ մեկնաբանում․ Մովսես Հակոբյանն արձագանքել է Փաշինյանին