«Լսի՛ր, Սաշա, անօգուտ է, նա նույնիսկ հեռախոսը չի վերցնում». Լուկաշենկոն պատմել է՝ ինչ են խոսել ինքն ու Պուտինը Պրիգոժինի ապստամբության օրը

17:23 • 27.06.23

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտել է Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մանրամասները։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը, ի պատասխան Պրիգոժինի հետ բանակցելու իր առաջարկին, ասել է, որ դա «անօգուտ է»։

Ըստ Բելառուսի նախագահի՝ Պուտինն ասել է, որ Պրիգոժինը «նույնիսկ հեռախոսը չի վերցնում, չի ցանկանում խոսել որևէ մեկի հետ»։

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ Պուտինի հետ զրույցում ինքը հասկացել է, որ Պրիգոժինի հարցում որոշում է կայացվել «դաժան լուծման գնալ»։

«Ես հասկացա, որ դաժան որոշում է կայացվել (Պուտինի խոսքում ենթատեքստն այդպիսին էր)՝ վերջը տալ։ Ես Պուտինին առաջարկեցի չշտապել: Ասացի՝ արի խոսենք Պրիգոժինի հետ, նրա հրամանատարների հետ։ Ինչին ի պատասխան նա ասաց.«Լսի՛ր, Սաշա, դա անօգուտ է: Նա նույնիսկ հեռախոսը չի վերցնում, չի ուզում որևէ մեկի հետ խոսել»», - պատմել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահն ասել է, որ չնայած Պուտինի դիրքորոշմանը, ինքը պնդել է Պրիգոժինի հետ բանակցություններ վարելու հարցում։

«Ես ասում եմ. «Դե, վատ խաղաղությունն ավելի լավ է, քան ցանկացած պատերազմ: Մի՛ շտապիր, ես կփորձեմ կապ հաստատել նրա հետ»: Նա (Պուտինը) հերթական անգամ ասում է՝ անօգուտ է։ Ես ասում եմ՝ լա՛վ, սպասիր», - շարունակել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահն ասել է, որ զրույցի ընթացքում իրենք համաձայնել են, որ հնարավոր է բանակցություններ վարել Պրիգոժինի հիմնադրի հետ։

«Ես հարցրի՝ ինչպե՞ս կարող եմ կապվել նրա հետ, տուր ինձ հեռախոսահամարը: Նա պատասխանեց՝ ամենայն հավանականությամբ, ԱԴԾ-ն հեռախոսահամարն ունի»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ»-ի ճամբարների վրա հրթիռային հարվածներ են եղել:

 
Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», «դանակով հարված Ռուսաստանի թիկունքին» և «դավաճանություն»։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնեցված բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերության ղեկավարն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Կրեմլում ասել են, որ դրա երաշխիքը Ռուսաստանի նախագահի խոսքն է։





«Լսի՛ր, Սաշա, անօգուտ է, նա նույնիսկ հեռախոսը չի վերցնում». Լուկաշենկոն պատմել է՝ ինչ են խոսել ինքն ու Պուտինը Պրիգոժինի ապստամբության օրը