Նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Վագներ»-ի ծանր զինտեխնիկան ՌԴ ԶՈՒ-ին փոխանցելու ուղղությամբ. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումների ծանր զինտեխնիկան ՌԴ զինված ուժերին փոխանցելու համար, գրում է russian.rt.com-ը։
«Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՌԴ ԶՈւ ակտիվ ստորաբաժանումներին ծանր զինտեխնիկայի փոխանցման համար», - հայտնել են գերատեսչությունից։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Վագներ»-ի մարտիկները կարող են պայմանագիր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ, գնալ տուն կամ գնալ Բելառուս։
Հիշեցնենք, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ»-ի ճամբարների վրա հրթիռային հարվածներ են եղել:
Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», «դանակով հարված Ռուսաստանի թիկունքին» և «դավաճանություն»։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնեցված բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերության ղեկավարն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Կրեմլում ասել են, որ դրա երաշխիքը Ռուսաստանի նախագահի խոսքն է։










