Մասնավոր ռազմական ընկերությունների գործունեության վերաբերյալ դեռ հստակ դիրքորոշում չկա. Կրեմլ

16:39 • 28.06.23

Կրեմլը դեռ հստակ դիրքորոշում չունի մասնավոր ռազմական ընկերությունների գործունեության օրենսդրական կարգավորման հարցում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ այժմ այս հարցի քննարկում է ընթանում:

«Առայժմ այս հարցում հստակ դիրքորոշում չկա։ Այստեղ որոշակի քննարկում կա, այն կշարունակվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ»-ի ճամբարների վրա հրթիռային հարվածներ են եղել:

Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», «դանակով հարված Ռուսաստանի թիկունքին» և «դավաճանություն»։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնեցված բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերության ղեկավարն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Կրեմլում ասել են, որ դրա երաշխիքը Ռուսաստանի նախագահի խոսքն է։

Մասնավոր ռազմական ընկերությունների գործունեության վերաբերյալ դեռ հստակ դիրքորոշում չկա. Կրեմլ