Երբ իրագործվում են ուրիշների գաղափարները, որպես կանոն միշտ իրագործվում են մակերեսորեն. Երվանդ Թարվերդյանը՝ Երևանում ավտոբուսային ուղիների մասին

16:19 • 28.06.23

Երբ իրագործվում են ուրիշների գաղափարները, որպես կանոն նրանք միշտ իրագործվում են մակերեսորեն, ինչպես այս դեպքում։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով քաղաքային ավտոբուսների հետ կապված նոր մեթոդի կիրառմանը, որն այս պահին ներդրված է Նորքի զանգվածում․

«Հարգելի Երևանի քաղաքապետարան.

Միացյալ Հայաստան կուսակցության մեր քաղաքական թիմը և անձամբ ես, շատ ուրախ ենք իհարկե, երբ մեր կողմից բարձրացված հիմնախնդիրները երբեմն լուծումներ են ստանում, թեկուզ՝ այնքանով-որքանով:

Վերջերս, քաղաքային ավտոբուսների հետ կապված նոր մեթոդի կիրառումը, որն այս պահին ներդրված է Նորքի զանգվածում (ըստ որի՝ ավտոբուսները պետք է երթևեկեն հատուկ իրենց համար նախատեսված ճանապարհատվածով, որն առանձնացված է ընդհանուր երթևեկությունից) շատ հարցեր է առաջացնում և «ներդրված» բառն այստեղ վերապահումով ենք օգտագործում:

Բանն այն է, որ տվյալ մեթոդի մասին, որպես քաղաքային հիմնախնդիրների ծրագրային դրույթ, մեր քաղաքական թիմը բարձրաձայնել է դեռևս անցյալ տարի:

Պարզապես, երբ իրագործվում են ուրիշների գաղափարները, որպես կանոն նրանք միշտ իրագործվում են մակերեսորեն, ինչպես այս դեպքում: Մենք բազմիցս նշել ենք, որ քաղաքի անհեթեթ խցանումները, որոնք ուղղակի կոլապսի են ենթարկում մասնավորապես Կենտրոն համայնքը, պետք է բեռնաթափել քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կանոնակարգելու միջոցով:

Այն է՝ հատուկ ուղիներ բացել միմիայն ավտոբուսների, ինչու չէ նաև տաքսի ծառայությունների համար, որոնք անարգել և ժամանակին կհասնեն իրենց կանգառներ, որպեսզի քաղաքացիների սպասարկումը լինի նույնքան անարգել և հնարավորիս արագ: Հուսով եմ, որպես իրավաբանական անձ, այս հարցը կբարձրացնի նաև Տաքսի ծառայությունների ասոցիացիան:

Ավտոբուսային ուղիներում պետք է բացառել այլ մեքենաների տեղակայումը, որովհետև դրանք ուղղակիորեն խոչընդոտում են ավտոբուսների արագ տեղաշարժին:

Որպեսզի նմանօրինակ ուղիների գործարկումը դառնա առավել արդյունավետ, այն պետք է ներդրվի Երևան քաղաքի բոլոր համայնքներում միաժամանակ և կիրառվի՝ միաժամանակ:

Մեր քաղաքական թիմն այս պահին մշակում է Երևանին առնչվող մի շարք այլ գաղափարներ և իրագործելու է դրանք՝ քաղաքային իշխանություն դառնալու հենց առաջին օրերին»:

Երբ իրագործվում են ուրիշների գաղափարները, որպես կանոն միշտ իրագործվում են մակերեսորեն. Երվանդ Թարվերդյանը՝ Երևանում ավտոբուսային ուղիների մասին