Bloomberg-ն ու FT-ն հայտնել են Պրիգոժինի նախաձեռնած ապստամբության գործով գեներալ Սուրովիկինի հարցաքննության մասին

18:55 • 29.06.23

Bloomberg-ը գրել է, որ Հատուկ գործողությունների ուժերի միացյալ խմբի հրամանատարի տեղակալ, գեներալ Սերգեյ Սուրովիկինը հարցաքննվել է զինդատախազության կողմից «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբության թեմայով։ Financial Times թերթը նշել է, որ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը ձերբակալվել է։ Սուրովիկինի դուստրը հերքել է դա։ Հունիսի 23-ից հետո Սերգեյ Սուրովիկինը հանրության առջև չի հայտնվել։

Ըստ FT-ի՝ գեներալ Սուրովիկինն իմացել է ապստամբության նախապատրաստման մասին։ Թերթի աղբյուրները նշել են, որ պարզ չէ՝ հրամանատարի տեղակալին մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ նրան բերման են ենթարկել հարցաքննության։

Ապստամբությունից հետո, ըստ FT-ի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «մաքրման գործողություն է սկսել հատուկ ծառայությունների վերին մասում»։ Նրանք, որոնք համակրում էին Եվգենի Պրիգոժինին, հունիսի 24-ից հետո «անհետացել են տեսադաշտից», և որ գեներելին «այլ մարդիկ կհետևեն»։

Bloomberg գործակալությունը չի հաստատել կալանավորման մասին տեղեկությունը։ Գործակալության տվյալներով՝ գեներալը մի քանի օր հարցաքննվել է զինդատախազությունում՝ Եվգենի Պրիգոժինի հետ ունեցած շփումների վերաբերյալ։ «Գեներալը պահվում է մի տեղում, բայց ոչ բանտում»։

Սերգեյ Սուրովիկինի դուստրը «Baza» տելեգրամյան ալիքին տված հարցազրույցում գեներալի կալանավորման մասին լուրերը կեղծ է անվանել։ Նրա խոսքով՝ Սերգեյ Սուրովիկինին «ոչինչ չի պատահել», և այժմ «բոլորն իրենց աշխատավայրում են»։ Նա ընդգծել է, որ իր հայրը «երբևէ ամեն օր չի հայտնվում լրատվամիջոցներում ու հայտարարություններ չի անում»։ Գեներալի կինը հրաժարվել է մեկնաբանել նրա ձերբակալության մասին լուրերը։

Bloomberg-ն ու FT-ն հայտնել են Պրիգոժինի նախաձեռնած ապստամբության գործով գեներալ Սուրովիկինի հարցաքննության մասին